հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Մնացականյանը հանդիպել է ԳԴՀ Եվրոպական հարցերով պետնախարարի հետ

Մնացականյանը հանդիպել է ԳԴՀ Եվրոպական հարցերով պետնախարարի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում Գերմանիա ժամանած ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 13-ին հանդիպեց ԳԴՀ Եվրոպական հարցերով պետնախարար Միխայել Ռոթին, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նախարար Մնացականյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ հաստատված գործընկերային հարաբերությունները: Զրուցակիցները հանգամանալից անդրադարձ կատարեցին հայ-գերմանական համագործակցությունն ընդլայնելուն ուղղված համատեղ ծրագրերին և նախաձեռնություններին:

Անդրադարձ կատարվեց նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի: Երկուստեք կարևորվեց Հայաստան-ԵՄ գործընկերության իրավական հենք հանդիսացող փաստաթղթի՝ ՀԸԳՀ-ի դերը՝ ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի համագործակցությունն առաջմղելու գործում: Ընդգծելով, որ Հայաստան-Եվրամիություն գործընկերության հիմնական շահառուն մարդիկ են՝ նախարար Մնացականյանը մեծապես կարևորեց ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի աշխատանքների իրականացումը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ՀՀ կառավարության կողմից իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների գործընթացը՝ ուղղված ժողովրդավարության, իրավունքի գերակայության, դատաիրավական համակարգի հանդեպ վստահության ամրապնդմանը և կոռուպցիայի դեմ պայքարին:

Մտքերի փոխանակում տեղի ունեցավ միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ:

  • Կիսվել: