Միտված ենք ապահովելու Հայաստանի ինքնիշխանության պաշտպանությունը ՀՀ տարածքում. Հայաստանը և ԱՄՆ-ն ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին կանոնադրություն
Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը։
«Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում այսօր արձանագրում ենք նշանակալի անկյունաքարային ձեռքբերում»,-հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման ժամանակ:
«Կարճ ժամանակահատվածում հսկայական և արդյունավետ աշխատանք ենք իրականացրել՝ հրաշալի գործընկերային հարաբերությունների ներքո: Այսպիսով, Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում կարողանում ենք արձանագրել նշանակալի անկյունաքարային ձեռքբերում՝ ստեղծում ենք ռազմավարական գործընկերույթան հանձնաժողով, ինչը ենթադրում է ընդլայնել փոխգործակցությունը տնտեսական, անվտանգության և պաշտպանության, ժողովրդավարության, ներառականության և միջանձնային հարաբերությունների ոլորտներում: Համընդհանուր շահերի ներքո այս փաստաթուղթը հանդիսանալու է երկկողմ հարաբերությունների առանցքը
Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից սահմանային անվտանգության հատուկ թիմ ենք ուղարկելու Հայաստան, որպեսզի համատեղ սահմանային անվտանգության աշխատանքներ իրականացվեն»,–հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարը։
Նա նաև նշեց, որ իրենք աշխատում են Հայաստանի հետ պաշտպանության և անվտանգության բնագավառում՝ աջակցելու ՀՀ ինքնիշխանությանն ու անկախությանը:
«Մենք միտված ենք ամրապնդել ՀՀ ինքնավարության պաշտպանությունն իր համապատասխան տարածքում»,-ասաց Բլինքենը:
Բլինքենի խոսքով՝ կշարունակվի նաև Eagle Partner ձևաչափի շրջանակում համագործակցությունը:
Բացի դրանից՝ նա հավելեց, Հայաստանը միանում է Իսլամական պետության դեմ պայքարի գլոբալ կոալիցիային: «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի այս հանձնառությունը»,- ասել է Բլինքենը:
Անդրադառնալով հայ-ամերիկյան տնտեսական և էներգետիկ ոլորտում գործակցությանը՝ Բլինքենն ասաց. «Այս պահին բանակցությունները տանում ենք դեպի խաղաղ միջուկային անվտանգության և ատոմային էներգետիկայի ոլորտ»:
Ի պատասխան՝ Միրզոյանն ասաց. «Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ձևավորում է ամուր հիմք և մեր համագործակցությունը դարձնում ավելի հավակնոտ։ Խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։