ուրբաթ, փետրվար 23
23 / 2 / 2024
Միրզոյանը Նատալի Լուազոյի հետ հանգամանալից քննարկել է Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցեր

Միրզոյանը Նատալի Լուազոյի հետ հանգամանալից քննարկել է Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցեր

Փետրվարի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի (Renew Europe, Ֆրանսիա) հետ: 

Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցեր, որոնց առաջմղման հարցում իր յուրովի դերն ունի ԵՄ օրենսդիր մարմինը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել գործընկերության խորացման հեռանկարներին և այդ ուղղությամբ երկուստեք գործադրվող ջանքերին։ 

Հանգամանալից քննարկվել են Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցեր: Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի գործընկերոջն է ներկայացրել առկա մարտահրավերների հաղթահարման հարցում հայկական կողմի տեսլականը, այդ թվում՝ միջազգային գործընկերների աջակցությամբ։ Ընդգծվել է ՀՀ նկատմամբ տարածքային նկրտումների զսպման, տարածքային ամբողջականության ու սահմանների անքակտելիության անվերապահ հարգման կարևորությունը։ 

Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար դժվարին պայմաններում Եվրոպական խորհրդարանի կողմից ցուցաբերած սկզբունքային մոտեցմանն ու հստակ գնահատականներով և ուղերձներով ընդունված փաստաթղթերին։ 

Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Նատալի Լուազոյին ՀՀ համար առանցքային կարևորության հարցերի առաջմղման, մարդասիրական արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար և նրան պարգևատրել ՀՀ երախտագիտության մեդալով։

  • Կիսվել: