չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Միրզոյանը հերքել է սահմանադրական բարեփոխումների և Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման միջեւ կապը

Միրզոյանը հերքել է սահմանադրական բարեփոխումների և Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման միջեւ կապը

Ասել, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը Հայաստանում սահմանադրական բարեփոխումների պատճառն է, չափազանց մեծ չափազանցություն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նախարարը հիշեցրեց, որ սահմանադրական բարեփոխումները քննարկվել են 2018 թվականի իշխանափոխությունից անմիջապես հետո։ Նախարարի խոսքով, Սահմանադրությունն ամբողջությամբ ավելի շատ միտված է երկրի ներսում հարաբերությունների կարգավորմանը։ «Կարճ պատասխանելու համար, իհարկե, ոչ»,- ասաց ԱԳՆ ղեկավարը։

«Իմ ընկալմամբ սա մի փաստաթուղթ է, որը բացի կոնկրետ իրավահարաբերություններ ֆիքսելուց և մեխանիզմներ ամրագրելուց, առաջին հերթին փիլիսոփայական հենք է և իզուր չեն ասում՝ մայր օրենքն է, որով կառուցվում են հասարակության ներսում իրավահարաբերությունները, քաղաքացի-քաղաքացի, քաղաքացի-պետություն այլն։

Սա առաջին հերթին ներքին նշանակություն ունեցող փաստաթուղթ է։ Չեմ ուզում ամբողջովին մերժել, որ ներքին նշանակություն ունենալով հանդերձ ինքը, ինչպես ցանկացած Սահմանադրություն, ավելի լայն ազդեցություն ունի, այսինքն անդրադառնում է  արտաքին հարաբերությունների վրա։ Այս առումով մեր սահմանադրությունը բացառություն չէ։

Այն, որ  Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացն է սահմանադրության փոփոխության պատճառը,  չափազանց մեծ չափազանցություն է, համաձայն չեմ այդ պնդման հետ»,- ասաց Միրզոյանը։

Անդրադառնալով լրագրողի հարցին, թե գործող սահմանադրությո՞ւնն է արգելակում  խաղաղության գործընթացին, Միրզոյանն ասաց․

«Ամենևին ոչ»։

Հիշեցնենք, որ գործող Սահմանադրության մեջ հղում է արվում ՀՀ անկախության հռչակագրին, իսկ վերջինիս մեջ Արցախի վերաբերյալ դրույթ կա:

  • Կիսվել: