կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Միրզոյանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա երկխոսությանը և դրա հնարավոր ազդեցությանը Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացի վրա

Միրզոյանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա երկխոսությանը և դրա հնարավոր ազդեցությանը Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացի վրա

 Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր համաձայնագիրը կարող է հնարավորություն դառնալ  Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման համար։ ՀՀ ԱԳ նախարարը, միևնույն ժամանակ, կարծիք է հայտնել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման ուղղությամբ առաջընթացը իր հերթին կարող է հսկայական ազդեցություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վրա։ 

«Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ մոդերատորը ՀՀ ԱԳ նախարարին հարցրել է՝ արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագիրը կարող է հնարավորություն դառնալ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման համար։ 

«Եթե կարճ պատասխանեմ, այո։  Մենք Թուրքիայի հետ երկխոսություն ենք սկսել՝ երկու կողմից էլ մտքում ունենալով և հրապարակային ասելով, որ այս գործընթացը պետք է տեղի ունենա առանց որևէ նախապայմանի։ Եվ հիմա ես ուզում եմ ասել, որ մենք ուրախ ենք տեսնել, որ Հայաստանի և Թուրքիայի երկխոսությունն այնքան խնդրահարույց չէ, որքան կարելի է ենթադրել։ Հիմա մենք հասել ենք մի կետի, երբ միակ բանը, որ խանգարում է, որպեսզի Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն և սահմանները վերջապես բացվեն և կապակցվածության խնդիրները լուծվեն, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության և բանակցությունների ամբողջությամբ չվերջնականացված կարգավիճակն է։ Իմ անձնական կարծիքով՝ եթե մենք Թուրքիայի հետ հարաբերություններում առաջընթաց գրանցենք, ապա այդ առաջընթացը հսկայական դրական ազդեցություն կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար»,- ասել է Միրզոյանը։  

 

  • Կիսվել: