Միրզոյանն անդրադարձել է ԵՄ դիտորդական առաքելության գործունեության հարցին Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելու դեպքում
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումից, վավերացումից և ուժի մեջ մտնելուց հետո ԵՄ գործընկերների հետ ընդունելի ու փոխշահավետ համաձայնություններ կքննարկվեն կառույցի դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ։
Այս մասին Արարատ Միրզոյանը նշեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների նիստում կառավարության 2024 թվականի ծրագրի մասին զեկույցին հաջորդած հարցուպատասխանի ընթացքում։
«ԵՄ դիտորդական առաքելության համագործակցության ձևեր միշտ էլ կարող ենք քննարկել և հանգել համաձայնությունների Եվրոպական միության մեր գործընկերների հետ։ Դիտորդական առաքելությունը տեղակայվել է մեր առաջարկությամբ, մեր խնդրանքով։ Նպատակն է ապահովել, նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի կայունությանը, սահմանամերձ շրջաններում կայունությանը, խաղաղությանը, և պետք է արձանագրենք, որ առաքելության տեղակայումից ի վեր, իսկապես, այն ծառայել է նպատակին, առաքելությունը իսկապես ստացված է։ Միևնույն ժամանակ, երբ կստորագրվի այդ համաձայնագիրը (խմբ. նկատի ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը, որի տեքստը կողմերն արդեն համաձայնեցրել են) և կվավերացվի, ուժի մեջ կմտնի, բնականաբար, խաղաղությունն ու կայունությունը շատ ինստիտուցիոնալ կդառնան Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Ուզում եմ վստահեցնել, որ երբ այս համաձայնագիրը կստորագրվի, կվավերացվի և ուժի մեջ կմտնի, մենք Եվրոպական միության գործընկերների հետ քաղաքացիական առաքելության համագործակցության մասով ընդունելի, փոխշահավետ լուծումների կգանք»,-ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը։
Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի շուրջ։ Խաղաղության համաձայնագրի նախագծի 17 դրույթներից մեկը վերաբերում է համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երրորդ երկրների ուժերի տեղակայումը բացառելուն։ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2023 թվականի փետրվարից։ 2025 թվականի հունվարին ԵՄ խորհուրդը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության մանդատը 2 տարով երկարաձգելու որոշում կայացրեց։