երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ՄԻՊ-ը կարևորել է կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությունը և ընդգծել բարեփոխումների անհրաժեշտությունը

ՄԻՊ-ը կարևորել է կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությունը և ընդգծել բարեփոխումների անհրաժեշտությունը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 20-ին բացման խոսքով է հանդես եկել «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ III» ծրագրի Համակարգային խորհրդի առաջին նիստին։

Միջոցառման շրջանակում ներկայացվել է ՀԵԼՓ ծրագրի «Հոգեկան առողջություն և մարդու իրավունքներ» դասընթացի հայերեն տարբերակը։

Պաշտպանն իր խոսքում ընդգծել է, որ լայն հանրության շրջանում կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները հաճախ առաջնային նշանակություն չեն ստանում և չեն դիտարկվում որպես մարդու իրավունքների պաշտպանության բաղկացուցիչ մաս։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի նախաձեռնության դերն ու նպատակը՝ ոլորտի արդյունավետ կարգավորման տեսանկյունից։

Մարդու իրավունքների պաշտպանը նաև անդրադարձել է Օվիեդոյի կոնվենցիայի վավերացման հարցին՝ շեշտելով, որ ողջունելի են այդ ուղղությամբ պետության իրականացրած քայլերը, միևնույն ժամանակ, դա չպետք է դիտարկվի որպես ոլորտի խնդիրների համապարփակ լուծման միակ նախապայման։

«Անհրաժեշտ է ապահովել համալիր և համակարգված մոտեցում՝ կենսաբժշկության և առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ կառուցակարգերի և էթիկական ստանդարտների ներդրման ու պատշաճ իրացման նպատակով։

Այս համատեքստում մասնագիտական վերապատրաստման ծրագրերը կարևոր նշանակություն ունեն՝ ուղղված ոլորտի մասնագետների իրավագիտակցության բարձրացմանն ու կարողությունների զարգացմանը։ Լիահույս եմ, որ նոր դասընթացը էական դերակատարում կունենա ոլորտի կատարելագործման գործում»,- ասել է Պաշտպանը։

  • Կիսվել: