երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մինսկի խմբի գործունեությունն այս պահի դրությամբ, կարելի է ասել, ճգնաժամային է. Էդուարդ Աղաջանյան

Մինսկի խմբի գործունեությունն այս պահի դրությամբ, կարելի է ասել, ճգնաժամային է. Էդուարդ Աղաջանյան

Մինսկի խմբի ձևաչափը, այդ թվում նաև օբյեկտիվ պատճառներով, առնվազն Ուկրաինայում պատերազմից սկսած, խնդիրների առաջ է կանգնած: Այս մասին այսօր ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

«Այդ երեք պետությունները, բնականաբար խնդիր ունեն, այդ թվում այսօր՝ առհասարակ մի սեղանի շուրջ նստելու, և էլ չեմ ասում բովանդակային և քաղաքական, և կոնստրուկտիվ միջավայրում ինչ-որ հարցեր քննարկելու առումով: Այդ առումով, բնականաբար, Մինսկի խմբի գործունեությունն այս պահի դրությամբ, կարելի է ասել, ճգնաժամային է՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որում այդ երեք երկրները քաղաքականապես, միջազգային քաղաքականության տեսանկյունից են»,- ասաց Էդուարդ Աղաջանյանը:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում այս հարցի վերաբերյալ քննարկումներին ու դիրքորոշումներին, Աղաջանյանը նախ հիշեցրեց, որ ռուսական պատվիրակությունն առհասարակ չի մասնակցում, այսինքն՝ օբյեկտիվորեն իրենց ներկայությունը չկա:

«Այս պայմաններում, ըստ էության, սա նաև հավելյալ ապացույցն է այդ ճգնաժամի: Եվ, հետևաբար ԵԱՀԿ-ն որպես մարմին ևս այս տեսանկյունից, կարծում եմ, ամենաօբյեկտիվ կողմը չի լինի, որպեսզի գնահատի այդ հնարավորությունը»,- նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:

Անդրադառնալով ԵԱՀԿ առաջապահ խմբին, որը սեպտեմբերյան ագրեսիայից հետո ժամանել էր Հայաստան և հետ էր գնացել, Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ այս պահին պայմանավորվածությունը կայանում է նրանում, որ այդ այցի արդյունքում վեր հանած հետևությունները և փաստերը պետք է կոնկրետ զեկույցի տեսքով հրապարակայնացվեն:

«Այս պահի դրությամբ ես տեղյակ եմ, որ դեռևս աշխատանքները շարունակվում են և ինչ-որ պահի դրանք պետք է հրապարակայնացվեն, կամ, առնվազն  դրանց այն մասը, որը հրապարակման ենթակա է: Խորհրդարանական վեհաժողովին մասնակցելիս հայկական կողմը նաև հնչեցրեց հայկական կողմի ցանկությունը, որպեսզի այդ փաստաթղթին բոլոր պետությունները ծանոթանան, որպեսզի հետագայում գնահատականների մեջ հնարավորինս օբյեկտիվ և նաև տեղեկացված լինեն»,- ընդգծեց Էդուարդ Աղաջանյանը:  

  • Կիսվել: