ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Մինչև փետրվարի 27-ը Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը կսկսի աշխատանքները

Մինչև փետրվարի 27-ը Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը կսկսի աշխատանքները

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը իր աշխատանքները կսկսի մինչև փետրվաի 27-ը, InfoPort.am-ին տեղեկացրեց ԱՆ մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը: Նրա փոխանցմամբ, ըստ աշխատակարգի` Հանձնաժողովի առաջին նիստը գումարվում է դրա ստեղծման պահից՝ 15-օրյա ժամկետում, իսկ Հանձնաժողովը ձևավորվել է փետրվարի 12-ին: Առայժմ, ըստ Մարտիրոսյանի, առաջին նիստի համար նախանշված հստակ օր չկա:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս ստորագրել էր որոշում Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմի հաստատման վերաբերյալ: Ըստ այդմ՝ մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը,«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը, իրավաբան-գիտնականներ Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը, Տիգրան Մարկոսյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Զադոյանը:

Հանձնաժողովի առջև դրված է խնդիր մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը մշակել և Հայաստանի վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը

  • Կիսվել: