երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Մինչև 50 մլն դրամ արժողությամբ գույքը կտնօրինվի ՊԵԿ-ի կողմից․ կառավարության որոշման նախագիծ է շրջանառվել

Մինչև 50 մլն դրամ արժողությամբ գույքը կտնօրինվի ՊԵԿ-ի կողմից․ կառավարության որոշման նախագիծ է շրջանառվել

Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Գույքը հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու, պահպանելու և տնօրինելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Նախագծով, մասնավորապես՝ սահմանվել են.

1) հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքը հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու, պահպանելու և տնօրինելու հետ կապված հարաբերությունները, հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունները,

2) հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցված գույքի տնօրինման եղանակները: Մասնավորապես՝ սահմանվել է, որ հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցված և մինչև 50 մլն դրամ արժողությամբ գույքը ենթակա է տնօրինման հարկային մարմնի կողմից, իսկ 50 մլն դրամից ավելի արժողությամբ գույքը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենս­գրքի 400-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ գույքը հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու, պահպանելու և տնօրինելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված այս կարգավորման գործնական կիրառությունն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել մշակել ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծ, որով կկարգավորվեն այդ իրավահարաբերությունները»,-նշվում է հիմնավորման մեջ:

  • Կիսվել: