հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով ուժով պահել հարյուրավոր հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց. Արարատ Միրզոյան

Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով ուժով պահել հարյուրավոր հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ապրիլի 15-ին Սանկտ Պետերբուրգում ելույթ է ունեցել  «Գլոբալ մարտահրավերներ և սպառնալիքներ համաճարակի պայմաններում: Ահաբեկչություն և բռնի ծայրահեղականություն» միջազգային կոնֆերանսում: ԱԺ նախագահը մասնավորապես նշել է.

«Հարգելի Վալենտինա Իվանի,

հարգելի գործընկերներ, համաժողովի մասնակիցներ,

նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այս համաժողովը կազմակերպելու համար:

Ահաբեկչությունն ու բռնի ծայրահեղականությունը ցանկացած ձևով դարձել են 21-րդ դարի ամենավտանգավոր խնդիրներից մեկը: Անցյալ տարին նշանավորվեց ևս մեկ աննախադեպ մարտահրավերով՝ COVID-19 նոր կորոնավիրուսային վարակով: Նոր վիրուսի արագ տարածումը և համաճարակի հետ կապված սահմանափակումները լուրջ խնդիրներ են ստեղծել բոլոր երկրներում: Աշխարհը  դարձել է ավելի անկանխատեսելի, վիրտուալ, մեր կյանքի բոլոր ոլորտները կտրուկ փոխվել են: Մենք բոլորս ականատես ենք այն բանի, թե ինչ փորձության են մատնվում երկրների քաղաքական և սոցիալ-տնտեսական համակարգերը: Ես կցանկանայի հատկապես նշել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի «վերջ տալ բոլոր «թեժ հակամարտություններին» կոչերի կարևորությունը և ամեն ինչ անել, որպեսզի «խուսափել նոր սառը պատերազմից»:

Գործընկերներ,

թվում էր, թե կորոնավիրուսային վարակի և դրա ծանր հետևանքների հետ կապված մարտահրավերները պետք է համախմբեին պետություններին և ժողովուրդներին: Սակայն, չնայած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին և համաշխարհային հումանիտար ճգնաժամին՝ անցյալ տարվա սեպտեմբերի վերջին Ադրբեջանը, Թուրքիայի լիակատար և բացահայտ աջակցությամբ և Մերձավոր Արևելքում տարբեր ահաբեկչական կազմակերպությունների վարձու գրոհայինների ներգրավմամբ, սանձազերծեց լայնածավալ ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ:

Պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը դիտավորյալ կրակել են խաղաղ բնակիչների և կենսական ենթակառուցվածքների վրա, պղծել և ոչնչացրել Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգությունը, ներառյալ տաճարները, եկեղեցիները և այլ կրոնական և պատմական հուշարձաններ, ինչպիսիք են հայ մարշալների և գեներալների հուշարձանները, ովքեր կռվել և հաղթել են նացիզմն ու ֆաշիզմը Հայրենական մեծ պատերազմի ընթացքում: Այս բոլոր գործողություններն ուղեկցվել են մարդու իրավունքների և միջազգային հումանիտար նորմերի կոպիտ խախտումներով:

Սաստկացման (էսկալացիայի) հենց սկզբում ակնհայտ դարձավ, որ Սիրիայից և Լիբիայից Թուրքիայի կողմից համալրված վարձկաններն ու գրոհայինները ներգրավված են Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայում: Գրոհայիններին մեր տարածաշրջան տեղափոխելու փաստը հաստատեցին նաև Ռուսաստանը, Ֆրանսիան, Իրանը, Սիրիան, ԱՄՆ-ն:

Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Վիկտորովիչ Լավրովն արդեն անցյալ տարվա նոյեմբերին նշել էր, որ տարածաշրջան է տեղափոխվել շուրջ երկու հազար ահաբեկիչ: Այս վարձկաններն ու ահաբեկչական կառույցների ներկայացուցիչները, մասնակցելով Ադրբեջանի կողմից պատերազմին, նպաստեցին Հարավային Կովկասի միջազգային ահաբեկչության մեկ այլ կենտրոնի վերափոխմանը: Մենք բազմիցս նշել ենք, որ եթե արմատական միջոցներ չձեռնարկվեն, Հարավային Կովկասը կդառնա ցատկահարթակ /պլացդարմ/ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների համար, որտեղից  նոր ահաբեկչական սպառնալիք կարող է տարածվել ողջ տարածաշրջանում:  Ըստ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի, պատերազմի առաջին իսկ օրերից տարածաշրջան տեղափոխվել են այնպիսի ահաբեկչական կազմակերպությունների վարձկաններ, ինչպիսիք են Ռուսաստանում արգելված «Ջեբհաթ ալ-Նուսրան», «Ֆիրկաթ Համզան» և «Սուլթան Մուրադը»:

Կցանկանայի առանձին  նշել նաև հումանիտար խնդիրները: Ինչպես գիտեք, գերերվածների, ուժով պահվողների և մահացածների դիակների փոխանակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության պարտադիր կետերից մեկն է: Այս գործընթացը պետք է սկսվեր ստորագրումից անմիջապես հետո: Ավելին, պայմանավորվածություն կար, որ «գերերվածների, ուժով պահվողների և մահացածների դիակների փոխանակումը» պետք է տեղի ունենար «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Սակայն ավելի քան չորս ամիս անցնելուց հետո մենք փաստում ենք, որ ադրբեջանական կողմը կոպտորեն խախտում է համապատասխան պայմանավորվածությունները:

Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով ուժով պահել հարյուրավոր հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց: Կան անվիճելի և հաստատված փաստեր այն մասին, թե ինչպես բազմաթիվ գերիներ խոշտանգվել, խեղվել և նույնիսկ սպանվել են: Այդ հանցագործությունները տեսանկարահանվել  և տարածվել են սոցիալական ցանցերում և լայնորեն ընդունվել Ադրբեջանի հասարակության շրջանում: Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից գերերվածների վերադարձի գործընթացի ձգձգումը բացառապես արհեստական է և լուրջ խոչընդոտներ է ստեղծում Եռակողմ հայտարարության 2020 թ. նոյեմբերի 9-ի, ինչպես նաև այս տարվա հունվարի 11-ի հայտարարության իրականացման համար:

Հայկական կողմը լիովին կատարել է իր ստանձնած պարտավորությունները: Ի տարբերություն դրան, Ադրբեջանը հետևողականորեն հրաժարվում է եռակողմ հայտարարության պայմանավորվածությունների իրագործումից, մանիպուլյացիայի է ենթարկում ռազմագերիների և ուժով պահվող անձանց ցուցակները, հորինում է արհեստական քրեական գործեր և, ընդհանուր առմամբ, շարունակում է հայատյացության իր քաղաքականությունը՝ այս ամենով խափանելով Հարավային Կովկասի կայունացման և ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը: Ձեռք բերված պայմանավորվածությունների նկատմամբ նման վերաբերմունքը չի կարող համապատասխան արձագանք չառաջացնել այն գործընկերների կողմից, ովքեր հետաքրքրված են մեր տարածաշրջանի խաղաղությամբ և կայունությամբ: Վստահ ենք, որ անհապաղ և գործնական գործողությունները կծառայեն այս չափազանց կարևոր խնդրի շուտափույթ լուծման շահերին:

Գործընկերներ,

մենք կոչ ենք անում միասնության, համերաշխության և գլոբալ գործընկերության՝ առաջիկա մարտահրավերները մեղմելու համար: Մեր առջև խնդիր է դրված մշակել համատեղ համախմբված գործողություններ` ուղղված ժամանակակից մարտահրավերների և սպառնալիքների լուծմանը, հրատապ խնդիրների օրենսդրական լուծումներ որոնել:

Շնորհակալություն ուշադրության համար»:

  • Կիսվել: