կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելը դեռ չի նշանակում Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում․ Սամվել Բաբայան․ «Հրապարակ»

Միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելը դեռ չի նշանակում Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում․ Սամվել Բաբայան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Արցախի ՊԲ նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար, գեներալ Սամվել Բաբայանը չի կարծում, թե նախօրեին Պրահայում Նիկոլ Փաշինյանը կայացրել է Արցախի դատավճիռը եւ այն ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Հիշեցնենք, որ Պրահայում Շառլ Միշել-Մակրոն-Ալիեւ-Փաշինյան քառակողմ հանդիպման արդյունքում հայտարարություն է ընդունվել, որի տեքստը հրապարակել է Հայաստանի կառավարությունը։

«Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, եւ որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչեւ հոկտեմբերի վերջ: Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունն Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը՝ երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը եւ իր զեկույցների միջոցով սահմանային հանձնաժողովներին աջակցելը»,- նշված է հայտարարության մեջ։ 

«Եթե ոմանք շտապում են այս հանդիպումից հետո Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, ապա ես այդպես չեմ տեսնում»,- մեզ հետ զրույցում հայտարարեց Սամվել Բաբայանը։ «Միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելը դեռ չի նշանակում, որ Արցախի համար խնդիրներ են առաջանում։ Այդպես չէ»,-պնդում է նա ու հիմնավորում․ «Արցախը եղել է Հայաստանի մաս, 1991 թվականին Արցախը եղել է անկախ պետություն։ Արցախի իշխանությունը հայտարարե՞լ է, որ Արցախն իր անկախությունը կորցրել է, չի հայտարարել, չէ՞։ Ուրեմն ՀՀ-ի իրավունքն է՝ հարեւան պետության տարածքային ամբողջականությունը կճանաչի, չի ճանաչի։ Բայց դա չի նշանակում, որ Արցախն էլ է Ադրբեջանի մաս։ Ոչ ոք, ով ուզում է լինի, չի կարող։ Հայաստանն իրավունք չունի այլեւս Արցախի փոխարեն բանակցություններ վարել եւ որոշել՝ նա Ադրբեջանի մա՞ս է, թե՞ ինչ է։ Արցախը հանրաքվե է անցկացրել, անկախություն է հռչակել՝ այնպես, ինչպես Հայաստանը, Ադրբեջանը եւ մնացած երկրները։ Եվ մի մոռացեք, որ բոլոր պետությունները, ՄԱԿ-ը ճանաչել են Ադրբեջանի Հանրապետությունը, հիմա ո՞նց կարող է Արցախը կապ ունենա Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, ո՞ւր է այդ քարտեզը»։

Մեր հիշեցմանը, որ մինչեւ Պրահայի հայտարարությունը եւ դրանից առաջ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ Արցախը Ռոբերտ Քոչարյանի օրոք է ճանաչվել Ադրբեջանի կազմում, Բաբայանն այսպես արձագանքեց․ «Վարչապետը պահի քեզ, ես վարչապետից չեմ խոսում, ես խոսում եմ նրա մասին, որ հռչակագիր է ընդունել Ադրբեջանի Հանրապետությունը, որ ինքն ընդունում է 1918 թվականի Դեմոկրատական Ադրբեջանի  տարածքները, որի կազմում, հասկացեք, Արցախ չի եղել։ 1920 թվականին է Ադրբեջանը դիմել Ազգերի լիգա, որ Արցախը ճանաչի իր տարածքում, ստացել է մերժում։ Սրա մասին խոսեք։ Իրավական ճանապարհով մտնում ենք միջազգային դատարան եւ պաշտպանում մեր իրավունքները։ Զուգահեռ էլ հզորանում ենք ու ինքնապաշտպանական ուժերն ենք հզորացնում»։

Իսկ թե ինչ է տալու նախօրեի պայմանավորվածությունը Հայաստանին, Բաբայանը խոստացավ հաջորդիվ խոսել, հանդիպման էր շտապում։ Արցախի ՊԲ նախկին հրամանատարը միայն հույս հայտնեց, որ այդ պայմանավորվածությունները քայլ կլինեն խաղաղության օրակարգին ընդառաջ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: