կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Միջազգային հանրությունը պետք է շարունակի իր ջանքերը Ադրբեջանի և ԼՂ-ի պաշտոնական ներկայացուցիչների միջև միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ․ Մարուքյան

Միջազգային հանրությունը պետք է շարունակի իր ջանքերը Ադրբեջանի և ԼՂ-ի պաշտոնական ներկայացուցիչների միջև միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ․ Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը իր թվիթերյան էջում գրել է․

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ներքին խնդիր է, և իրենք չեն պատրաստվում այն քննարկել որևէ մեկի հետ։

Նախ ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ ոչ մի ներքին հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 3 մշտական անդամ պետություններ չեն զբաղվել։ Նկատի ունեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային, որոնք տասնամյակներ շարունակ բանակցել են այդ հարցի շուրջ, իսկ այժմ ԵՄ-ն նույնպես զբաղվում է այդ գործով։ Ուստի Լեռնային Ղարաբաղի հարցը Ադրբեջանի ներքին գործը չէ։

Երկրորդ, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ավելի քան 70 տարի չեն դիտարկվել որպես ներքին խնդիր, քանի որ միջազգային հանրությունը քաղել է համաշխարհային պատերազմի կործանարար դասերը, որ ոչ մի բռնապետի կամ ժողովրդավարական ճանապարհով ընտրված ղեկավարի չպետք է թույլ տրվի զանգվածային հանցագործություններ կատարել: Այս դեպքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սպառնում է էթնիկ զտումներ։ Այսպիսով, միջազգային հանրությունը պետք է շարունակի իր ջանքերը խաղաղ կարգավորման և Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի պաշտոնական ներկայացուցիչների միջև միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը»։

 

  • Կիսվել: