երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Միջազգային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի Թուրքիայի գործողությունների կապակցությամբ. Փաշինյան

Միջազգային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի Թուրքիայի գործողությունների կապակցությամբ. Փաշինյան

Միացյալ Նահանգների և մի շարք այլ երկրների կայացրած որոշումներն արձանագրում են Թուրքիայի վարած ապակառուցողական և ագրեսիվ քաղաքականությունը տարածաշրջանում։ Այս մասին այսօր Պաշտպանության նախարարությանը 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցության ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եկեք նայենք, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում՝ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ, Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը Իրաքի նկատմամբ, Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը Կիպրոսի նկատմամբ, Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը Հունաստանի նկատմամբ, և Թուրքիան շրջափակված է պահում Հայաստանը, որն, ըստ էության, ի ցույց է դնում այն դերակատարումը, որն այսօր մեր տարածաշրջանում ունի այդ երկիրը»,- ընդգծեց վարչապետը։

 Նա նաև նշեց, որ միջազգային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի Թուրքիայի գործողությունների կապակցությամբ և Թուրքիային քաջալերի, որ վերագնահատի և վերանայի իր դերը տարածաշրջանում:

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ ինչպես Հայաստանի նախկին կառավարությունները, այնպես էլ իր ղեկավարած կառավարությունն արձանագրում է՝ պատրաստ են Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների։

«Մենք ասել ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար Թուրքիայի հետ հարաբերությունների օրակարգի հարց չէ: Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին Թուրքիային է անհրաժեշտ՝ իմ նշած գործառույթների շրջանակում, որպեսզի վերանայի իր դերակատարումը տարածաշրջանում, որը, ցավոք սրտի, այսօր որոշակի պատմական աղերսներ է ստանում 20-րդ դարասկզբի և ավելի վաղ շրջանի իրադարձությունների հետ»,-  ասաց  Փաշինյանը:

Անդրադառնալով Հայաստանի առաջարկությամբ ՄԱԿ-ի ընդունած որոշմանը, որի համաձայն, դեկտեմբերի 9-ը հռչակվել է որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման օր, վարչապետը նշեց, որ այդ կարգախոսը կարող է  առաջին հայացքից տարօրինակ թվալ, որ զոհերը կարող են արժանապատվության պաշտպանության խնդիր ունենալ։ Սակայն, ըստ նրա, այս տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության զոհերի վերաբերյալ Թուրքիայի նախագահի արած անպարկեշտ և ցինիկ արտահայտությունները եկան ապացուցելու, որ նման պաշտպանության անհրաժեշտություն կա:

 

 

 

 

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: