ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Միջազգային արձագանքը չափազանց էական է Ադրբեջանի ագրեսիան զսպելու գործում. ՀՀ ԱԺ պատգամավոր

Միջազգային արձագանքը չափազանց էական է Ադրբեջանի ագրեսիան զսպելու գործում. ՀՀ ԱԺ պատգամավոր

ՀՀ ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը վստահեցնում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն Ադրբեջանի հարձակման առնչությամբ կապի մեջ են միջազգային գործընկերների հետ, պատգամավորը հատկապես հասցեական է համարում  ԵՄ-ի, Եվրախորհրդարանի գործընկերների արձագանքը:

ԱԺ սեպտեմբերի 14-ի նիստում Եղոյանն ասաց, որ նախորդ օրը գիշերվանից պատգամավորներից ամեն մեկն մեր մասով կապի մեջ է միջազգային գործընկերների հետ:
 

«Մասնավորապես ԵՄ-ի մեր գործընկերների, ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նախագահող Մարինա Կալյուրանդի, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերի, ԵԽ Հայաստանի հարցով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի և ԵԽ Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյի արձագանքներն առավել քան հասցեական էին, առավել քան մանրամասն էին»,-ասաց Եղոյանը:

Նա համոզված է, որ մասնավոր խոսակցություններում դրանք եղել են էլ ավելի կոշտ, էլ ավելի սուր:  Պատգամավորը միջազգային մյուս գործընկերներին կոչ արեց հետևել այդ ոգուն, թույլ չտալ ագրեսորին հասնել իր նպատակներին:

«Իսկ այն, որ միջազգային արձագանքը չափազանց էական է նման ագրեսիա զսպելու գործում, դրանում ես որևէ կասկած չունեմ»,-ասաց նա՝ հորդորելով պահել միջազգային ճնշման մակարդակը:

  • Կիսվել: