Միջանցքի հարցը, իմ տպավորությամբ, Ադրբեջանի եւ Թուրքիայի օրակարգից դուրս է եկել. Գեւորգ Պապոյան
Իրական բանակցություններն ընթանում են ոչ թե հանդիպումների ժամանակ, այլ այն խորհրդապահական խողովակներով, թղթեր փոխանցելով: Այս մասին, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով նրան, որ վերջին շրջանում հայ-ադրբեջանական բանակցություններում կարծես դադար է:
«Վերջում, երբ հավաքվում են երկրների ղեկավարները, իրենք, ըստ էության, ամփոփում են կատարված աշխատանքը եւ ինչ-որ եզրակացությունների են գալիս եւ գնում են մեկ քայլ առաջ: Ես կարծում եմ, որ այդ առումով պրոցեսը չի դադարել: Միգուցե ակտիվ հանդիպումներ չկան եւ դրանց վրա կարող է նաեւ աշխարհաքաղաքական տարբեր գործոններ են ազդել, այդ թվում արաբա-իսրայելական պատերազմը: Դա իր մեջ ռիսկեր պարունակում է Հայաստանի համար, քանի որ աշխարհի ուշադրությունը շեղում է այդ հարցի վրա, բայց պետք է ասել, որ այն զգուշավոր լավատեսությունը, որը կապված 2024-ին խաղաղության պայմանագիր կնքելու հետ, պահպանվում է, քանի որ մեծ հաշվով, հիմնական, առանցքային հարցերի շուրջ ըմբռնում կա»,-ասաց ն:
Պապոյանի խոսքով, միակ հարցը, որի շուրջ այդ ըմբռնումը ուղղակի չկար, այսպես կոչված, միջանցքի հարցն էր. «Բայց այդ հարցը, իմ տպավորությամբ, Ադրբեջանի եւ Թուրքիայի գոնե հրապարակային հայտարարություններից դուրս է եկել: Նույնիսկ ընդհակառակը, իրենք ասում են, որ դա իրենց պետք չի, որովհետեւ իրենք տնտեսական առումով ավելի հարմար այլ ճանապարհ են գտել իրենց համար: Երկար ժամանակ պրոցեսին հենց դա էր խանգարում, որովհետեւ դա Հայաստանի համար կարմիր գիծ է:
Ենթադրում եմ, որ հիմա նստելու եւ վերջնական տեքստի վրա աշխատելու համար Հայաստանի կողմից ոչինչ չի խանգարում: Մենք պատրաստ ենք 1974-1975 թվականների քարտեզների հիման վրա, որոնց կրկնօրինակները, որքան գիտեմ, երկու կողմերի մոտ կա, պայմանավորվել դեմարկացիայի, դելիմիտացիայի շուրջ, ճանապարհների ապաշրջափակման շուրջ»,- հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը՝ հավելելով, որ եթե այդ գործընթացը տեղի ունենա, տարածքների փոխադարձ ճանաչումը տեղի ունենա, Հայաստանը չի տեսնում որեւէ խոչընդոտ խաղաղության պայմանագրի ստորագրման համար: