ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՄԻԵԴ-ը կոշտացնում է մոտեցումը Բաքվի հանդեպ (տեսանյութ)

ՄԻԵԴ-ը կոշտացնում է մոտեցումը Բաքվի հանդեպ (տեսանյութ)

Եվրադատարանը բավարարել է հայ գերիների շահերի ներկայացուցիչների դիմումները՝ պահանջելով Ադրբեջանից տեղեկություն տրամադրել ռազմագերիների ու Ադրբեջանում պահվող քաղաքացիական անձանց վերաբերյալ: Այս պահին Ստրասբուրգում իրականացվում է արդեն ոչ թե 80, այլ 95 անձի առնչությամբ իրավական գործընթաց, գրում է 1lurer.am-ը։

Սիրանուշ Սահակյան (ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ) - Նոր գործեր են, որոնք ուղղակի լրացվել են փաստական տվյալներով, և կարողացել ենք գերեվարման մասին հետևությունների հանգել:

ՄԻԵԴ-ը, ըստ Սահակյանի, բոլոր դիմումներով բավարարում է միջնորդությունները, մինչդեռ Ադրբեջանի մոտեցումները նույնն են՝ խուսափողական: Որոշ գործերով Բաքուն առհասարակ հրաժարվում է տեղեկություն տալ, առանձին դեպքերում` ներկայացնում թերի տվյալներ: Եվրադատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջում է լրացնել տեղեկատվությունը:

 

Սիրանուշ Սահակյան - Վարքագծի մեջ փոփոխություն՝ Ադրբեջանի կառավարության չենք տեսնում, բայց տեսնում ենք դատարանի մոտեցումների կոշտացում, իրենց մոտ կարծես ամրապնդվում է այն տեսակետը, որ ադրբեջանական իշխանությունները փորձում են շրջանցել դատարանի իրավական դերը, մանդատը:

Իրավապաշտպաններն ուսումնասիրել են մի քանի օր առաջ գերությունից Հայաստան վերադարձած հինգ անձանց գերեվարման մանրամասները:

Սիրանուշ Սահակյան - Այդ տեղեկատվության հիման վրա արդեն ունենք պատկերացում, թե եթե առաջ քաշվի ահաբեկման թեզը, ինչ մոտեցումներով ենք հակառակը հիմնավորելու միջազգային հանրությանը:

Եվրադատարանում գերիների շահերի ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանն ու Արտակ Զեյնալյանն այժմ աշխատում են ևս մեկ ուղղությամբ՝ Ստրասբուրգի դատարան ներկայացնել Բաքվի պատերազմական հանցագործությունների զոհերի իրավունքների պաշտպանության հարցը:

Սիրանուշ Սահակյան - Պահանջատեր ենք լինելու, որպեսզի առաջադեմ հռչակված երկրները պատերազմական հանցագործության դեպքերի առնչությամբ հետապնդումներ իրականացնեն ադրբեջանցի զինծառայողների և հրամանատարական կազմի նկատմամբ և էքստրադիցիայի գործիքակազմով կամ միջազգային հետախուզումներով դատարանի առջև կանգնեցնեն հանցագործներին:

ՄԻԵԴ գանգատ է ներկայացվել 30 գործով: Եվրադատարանում գերիների շահերի ներկայացուցիչը նշում է՝ բոլոր քայլերն արվելու են՝ հանցագործներին միջազգային դատարանի առաջ կանգնեցնելու և պատասխանատվության ենթարկելու համար:

  • Կիսվել: