շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Միայն Թուրքիայի և Ուկրաինայի արձագանքն է եղել ոչ ի օգուտ Հայաստանի․ Պատգամավոր

Միայն Թուրքիայի և Ուկրաինայի արձագանքն է եղել ոչ ի օգուտ Հայաստանի․ Պատգամավոր

Միջազգային արձագանքները եղել են կամ չեզոք, կամ հօգուտ Հայաստանի՝ բացառությամբ երկու դեպքի։ Լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց իմքայլական պատգամավոր  Շիրակ Թորոսյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի իրադարձությունների վերաբերյալ միջազգային արձագանքին:

Ըստ պատգամավոր՝ բացառություն էին Թուրքիան և Ուկրաինան։ «Թուրքիան էր, որը խիստ կողմնակալ դիրքորոշում է արտահայտել, ինչը մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ Թուրքիան իրավունք չունի ներգրավվելու ԵԱՀԿ շրջանակներում արցախյան հակամարտության լուծման գործընթացի մեջ, որովհետեւ խիստ ադրբեջանամետ դիրքորոշում ունի, եւ ունենք Ուկրաինայի տարբերակը, որի հայտարարությունը մեղմ ասած չէր բխում Արցախի խնդրի լուծման տրամաբանական ոգուց: Մնացած բոլոր դեպքերում եւ՛ միջազգային կառույցների, եւ՛ առանձին պառլամենտների, եւ՛ առանձին պառլամենտականների ի դեմս եւ՛ ԱՄՆ-ի, եւ ՛Իտալիայի, եւ շատ երկրներից օրինակներ ունենք, հայտարարությունները կամ եղել են չեզոք, կամ եղել են արդարության ոգուն համապատասխան՝ Հայաստանի օգտին»,- նշեց նա:

Գնահատելով հայակական դիվանագիտության աշխատանքը՝ նա նշեց, որ բավականին ակտիվ են գործել։

«ԱԳՆ մակարդակով, այլ օղակների մակարդակով ակտիվորեն աշխատանք է տարվել եւ՛ ԵԱՀԿ-ի, եւ՛ Մինսկի խմբի համանախագահ երկրների, եւ՛ ՀԱՊԿ-ի, եւ՛ ՄԱԿ-ի, եւ այլ կառույցների հետ կապված: Արձագանքներն էլ չեն ուշացել, մենք մեր դիրքորոշումը եւ մեր կողմից ներկայացված ազնիվ եւ արդար տեսակետները ներկայացրել ենք հայ-ադրբեջանական սահմանի էսկալացիայի հետ կապված, աշխարհն այսօր այդ մասին հստակ տեղեկացված է»,- հայտարարեց նա:

  • Կիսվել: