երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Միայն ՔՊ-ից պիտի լինես, որ Թուրքիայից եկող դրական ազդակներ նկատես․ Մամիջանյան

Միայն ՔՊ-ից պիտի լինես, որ Թուրքիայից եկող դրական ազդակներ նկատես․ Մամիջանյան

Միայն ՔՊ-ից պետք է լինես, որ նկատես Թուրքիայից եկող դրական ազդակներ, փորձը ցույց է տալիս, որ երբ Նիկոլ Փաշինյանը որևէ երկրից դրական ազդակ է տեսնում, հողային, մարդկային շատ լուրջ կորուստներ ենք ունենում այդ երկրի հետ հարաբերություններում: Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

Պատգամավորը հավելեց, որ ինքը Թուրքիայից դրական ազդակներ չի տեսել, հակառակը՝ Թուրքիայի կողմից հնչում են հայտարարություններ՝ ընդհուպ մինչև Զանգեզուրի միջանցքային տրամաբանության մասին: «Սարսափում եմ պատկերացնել, թե ինչ է լինելու այս ազդակաների վերջում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ  հայտարարություններին, ապա պատգամավորն ասաց, որ միայն խենթերը խաղաղություն կարող են չցանկանալ, բայց խաղաղությունն ունի արժեք:

«Եվ ինձ համար միշտ անհասկանալի է եղել՝ ով ավելի լավ կպատկերացնի խաղաղության գին ու արժեքը՝ մարդիկ, որոնք կերտել են առաջին և երկրորդ արցախյան պատերազմների հաղթանակը, եղել են գերագույն գլխավոր հրամանատար, զինվորի հետ ուս ուսի մասնակցել են ռազմական գործողությունների՞ն, թե՞ Նիկոլ Փաշինյանը, որը մայիսին մասնակցում էր Ապրիլյան քառօրյա պատերազմին: Այնպես որ, արժեքը Նիկոլ Փաշինյանի խոսքերից ինձ համար անընկալելի է: Բայց նորից կրկնեմ նախագահ Սարգսյանի վերջին հարցազրույցում հնչեցրած գնահատականները, որոնք ակտիվորեն աղճատվում են Հանրայինի եթերում և այլ ֆորմատներում։ Նա պնդեց, որ դեռևս կա հնարավորություն բանակցային գործընթացը վերականգնելու և  հնարավորություն ՀՀ-ի համար բանակցային գործընթացում կորուստները վերականգնելու»,– ասաց նա:

Հայկ Մամիջանյանը նշեց, որ խաղաղությունը չպետք է մուրալ, այն որպես կարեկցանք չպետք է շնորհվի մեր երկրին:

  • Կիսվել: