երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Միավորվեք մեկ նշանաբանով,  այլապես մոտալուտ ապագայում Հայաստանին կսպասի Արցախի ճակատագիրը. «Որդիների կանչ»

Միավորվեք մեկ նշանաբանով, այլապես մոտալուտ ապագայում Հայաստանին կսպասի Արցախի ճակատագիրը. «Որդիների կանչ»

՛՛Որդիների Կանչ՛՛ ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որտեղ իշխանության բոլոր ընդդիմադիրներին միավորվելու կոչ է անում և հորդորում դադարել մեկնաբանել իշխանության ՛՛ազգադավ մտքերը, պետությունը մասնատելու, ժողովրդին պառակտելուն ուղղված լրատվական դաշտ միտումնավոր նետված մեկը մյուսից աբսուրդի հասնող անընդունելի և իհարկե դատապարտելի թեզերը՛՛:

ՀԿ-ն նշում է, որ բավ է սպասարկել ՛՛թրքահպատակ իշխանության օրակարգերը՛՛:

Դիմելով բոլոր ՛՛քաղաքական գործիչներին, քաղաքագետներին, քաղտեխնոլոգներին, կուսակցություններին, ՀԿ-ներին, Շարժումներին, լրագրողներին, լրատվականներին, մեդիաներին, բլոգերներին, ակտիվ, երկրի ճակատագրով մտահոգ և տառապող հայրենասեր հայրենակիցներին՛՛, որոնք դեմ են իշխանությանը՝ ՀԿ-ն կոչ է անում հետևյալը. ՛՛Դարձեք մեկ վճռական ուժ, միավորեք ձեր բոլոր տեսակի ռեսուրսները, մի կողմ դրեք ձեր բոլոր ամբիցիաներն ու քեները, մեղավորների փնտրտուքը: Դրանով միայն վնաս եք տալիս պետության փրկության գործին: 

Միավորվեք մեկ նշանաբանով՝ ով դեմ է գործող իշխանության կողմից տարվող քաղաքականությանը, նա դաշնակից է այս գլխավոր պայքարում: Ներկայացրեք հասարակությանը ձեր ծրագիրը, ոտքի հանեք ժողովրդին և գործեք: Այլապես մոտալուտ ապագայում Հայաստանին կսպասի Արցախի ճակատագիրը՝ շատ ավելի վատ հետևանքներով, քանի որ ոչ փախչելու տեղ կա, ոչ էլ տարհանվելու՛՛։

 

  • Կիսվել: