ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Միավորված 13 համայնքներ կրկին կմիավորվեն 5 համայնքի մեջ. Գնել Սանոսյանը ներկայացրեց նախագիծը

Միավորված 13 համայնքներ կրկին կմիավորվեն 5 համայնքի մեջ. Գնել Սանոսյանը ներկայացրեց նախագիծը

Հայաստանում արդեն իսկ խոշորացված 13 համայնքներ կմիավորվեն 5 համայնքի մեջ, այսպիսով այդ փոփոխության արդյունքում Հայաստանում կլինի 71 համայնք, որից 64-ը՝ խոշորացված:  «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Հայաստանում միավորման, խոշորացման գործընթացը սկսվել է 2016 թվականից ի վեր: Եվ այդ պահից սկսած Հայաստանի 908 բնակավայրեր միավորվել, խոշորացել են, արդյունքում այս պահին կա 72 միավորված համայնք: Պետությունը եկել է այն եզրահանգման, որ միավորված համայնքներն ինչքան խոշոր են, այնքան հնարավորություններն ավելի մեծ են՝ թե մասնագիտական կարողությունների, թե ֆինանսական, թե կազմակերպչական և այլ առումներով:

«Հիմա առաջարկում ենք արդեն միավորված 13 համայնքներ միավորել ավելի մեծ փնջերի մեջ, և այժմ գործող միավորված 13 համայնքների փոխարեն ունենալ 5 միավորված համայնք: Արագածոտնի մարզում Թալին և Արագածավան համայնքների միավորումից մենք կունենան թվով 34 բնակավայրերով Թալին համայնք, բնակչությունը՝ 37.5 հազարի չափ, Գեղարքունիքի մարզում Ճամբարակ և Շողակաթ համայնքների միավորումից կունենանք Ճամբարակ համայնք՝ 19 բնակավայրով և 15 հազար բնակչությամբ, Լոռու մարզում Ալավերդի, Օձուն, Ախթալա և Շնող համայնքների միավորումից կունենանք Ալավերդի խոշորացված համայնքը՝ 28 բնակավայրերով և 42 հազար 700 բնակչությամբ, Լոռու մարզում Տաշիր, Մեծավան և Սարչապետ համայնքների միավորումից կունենանք Տաշիր համայնք՝ 24 բնակավայրերով և 28 հազար բնակչությամբ և Սյունիքի մարզում Սիսիան և Գորայք համայնքների միավորումից կունենանք Սիսիան համայնք՝ 36 բնակավայրերով, 31.5 հազար բնակչությամբ: Այսպիսով այս 13 համայնքներն առաջարկում ենք միավորել 5 համայնքի մեջ, այդ 13 համայնքները միասին ներառում են 141 բնակավայր»,-ասաց Սանոսյանը:

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանում այժմ գոյություն ունեցող 79 համայնքներին փոխարեն կլինի 71 համայնք, որից 64-ը՝ խոշորացված: ՏԻՄ մասին օրենքում փոփոխություններով առաջարկվում է այդ խոշորացվող համայնքներում նշանակել ավագանու ընտրություն, եղած ՏԻՄ լիազորությունները դադարեցնել:

Անդրադառնալով քննադատություններին, որ խոշորացման գործընթացի արդյունքում բազմաթիվ աշխատատեղեր են կրճատվում՝ նախարարը մի քանի թվեր հնչեցրեց՝ դեկտեմբերին տեղի ունեցած 441 բնակավայրի խոշորացման և կրճատումների մասին:

«Դեկտեմբերի միավորման, խոշորացման արդյունքում մեր համայնքներում կրճատվել է շուրջ 1500 հաստիք, բայց վերաբացվել կամ առաջացել է նոր՝ 2200 հաստիք, որոնք հիմնականում ՀՈԱԿ-ներում են՝ մանկապարտեզներում և այլն»,-ասաց Սանոսյանը:

  • Կիսվել: