կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Միասնական սոցիալական ծառայությունը զորացրումից մեկ ամիս առաջ կուսումնասիրի զինծառայողների կարիքները

Միասնական սոցիալական ծառայությունը զորացրումից մեկ ամիս առաջ կուսումնասիրի զինծառայողների կարիքները

Հայաստանում հուլիսից արդեն Միասնական սոցիալական ծառայությունը զորացրումից մեկ ամիս առաջ կուսումնասիրի զինվորների կարիքները, սա պետությանը կօգնի ըստ անհրաժեշտության իրականացնել համապատասխան ծրագրեր: Այս մասին հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

Մկրտչյանը հայտնեց, որ շատ կարևոր գործընթաց են սկսել ՊՆ-ի հետ: Նա նկատեց՝ պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո անձինք վերասոցիալականացման գործընթացով պետք է անցնեն, և, եթե աշխատանքի հնարավորությունները հստակ չեն, հնարավոր է, նրանք մտածեն ուրիշ երկրում աշխատանք գտնելու կամ այլ հնարավորությունների մասին:

«Մեն հիմա մշակել ենք ծրագիր՝ համաձայն որի պետությունը, այս դեպքում Միասնական սոցիալական ծառայությունը գնահատում է զինվորների կարիքները զորացրվելուց մեկ ամիս առաջ: Երբ ինքը կզորացրվի, պետությունն արդեն կունենա իր մասին տեղեկատվություն, թե ինչ հմտություններ, ինչ կրթություն, ինչ ցանկություններ ունի, օրինակ՝ գուցե ընդունվել է ինչ-որ համալսարան, սակայն այդ երկու տարվա ընթացքում որոշել է, որ պետք է, օրինակ, ծրագրավորող դառնա: Եվ, եթե մեկ ամիս շուտ այդ տվյալներ ունենանք մեզ մոտ ուսումնասիրած, ճանաչենք, կհասկանանք, թե 20 տարեկան ակտիվ երիտասարդների համար, որոնք վերադառնում են հասարակություն, տնտեսական ակտիվացման ի՞նչ ծրագրեր կարող ենք իրականացնել»,- ասաց նախարարը:

Ըստ նրա՝ որոշները պետական զբաղվածության ծրագրերի շահառու կդառնան, իսկ, եթե շատ լինի նրանց թիվը, նախարարը չբացառեց, որ գուցե պահուստային ֆոնդից գումար հատկացնելու և որոշակի ծրագիր իրականացնելու հարց առաջանա: Նա կարևորեց տվյալների, կարիքների գնահատումը, որը հուլիսի զորացրումից արդեն կսկսի իրականացվել:

  • Կիսվել: