Մի' տրվեք սադրանքներին, փորձեք կողքից նայել. ՆԳ նախարարը՝ բռնարար ոստիկանների մասին
Այն, ինչ որ նկարագրեցիք դրանք բոլորը կարծիքներ են դեպքերի մասով. ես կարող եմ ահազանգել, որ ես խոշտանգվել եմ կամ իմ նկատմամբ հարձակում է եղել, բայց քննությունը պիտի տա այդ բոլոր հարցերի պատասխանները: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում լրագրևողների հետ զրույցում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով լրագրողների պնդումներին, որ ոստիկանության համակարգում ջարդարարների խումբ է գործում, որ Ալավերդիում պարեկը քաղաքացու մոտ զենք փնտրելու համար ասում է՝ տաբատդ իջեցրու, տանում են բաժին ծեծում են:
«Եթե մենք որակումներ ենք տալիս տարբեր ծառայողների մասով, դա մեր կարծիքն է ընդամենը: Ես որևէ մեկի հայտարարությանը չեմ կասկածում, որովհետև ես գիտեմ, որ մեր երկրում կա քրեական դատավարության օրենսգիրք, որը այդ բոլոր հարցերը կարգավորում է:
Իմ խնդրանքը, հորդորը, թե կուզեք՝ պահանջը այն է, որ դուք ևս չտրվեք տարբեր սադրանքների և մի պահ հետ կանգնելով այս ամբողջ ինֆորմացիայից, փորձեք ընդհանուր առմամբ հայացք գցել ընդհանուր պրոցեսին և հասկանալ՝ ինչ է տեղի ունենում»,- ասաց ՆԳ նախարարը:
Դիտարկմանը, որ ակնհայտ է, որ, օրինակ ակցիաների ժամանակ, կան ոստիկաններ, որոնք իրենց ոչ կոռեկտ են պահում, այդ թվում լրագրողների նկատմամբ, բայց նրանք այդպես էլ չեն պատժվում, Արփինե Սարգսյանն ասաց. «Կոնկրետ բոլոր դեպքերով կա ընթացք, մի դեպքում ծառայողական քննության տիրույթում է հարցը, մի դեպքում քրեական վարույթի նախաքննության փուլում, մի դեպքում դատական քննության փուլում: Դուք ակնկալում եք, որ ես մի դեպքում քննիչի, մի դեպքում դատավորի փոխարեն անեմ եզրահանգումներ, երբ որ ես նման իրավասություն չունեմ: Հետևապես նախաքննական մարմինը կշարունակի օբյեկտիվ քննությունը կոնկրետ բոլոր գործերով և պատեհ կհանրայնացնի համապատասխան ինֆորմացիան»:
Անդրադառնալով պարեկների կրթական ցենզին, նախարարն ասաց. «Շուտով պարեկային ծառայողների պատրաստման ժամանակահատվածը ավելի կընդլայնվի, ավելի շատ ամսական ժամանակահատված կհատկացվի բազային կրթությանը, որը որ թույլ կտա այն բոլոր խնդիրները, որոնք թե՛ դուք, թե՛ մենք համատեղ արձանագրել ենք, արդեն հասցեագրվեն կոնկրետ կրթական պրոցեսի շրջանակում»: