երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Մի կառուց չկա, որ մեզ կասի՝ Գորիս-Կապան ճանապարհով անցնելիս մեր հայրենակիցները ո՞ւմ պետք է ապավինեն․ Աննա Գրիգորյան

Մի կառուց չկա, որ մեզ կասի՝ Գորիս-Կապան ճանապարհով անցնելիս մեր հայրենակիցները ո՞ւմ պետք է ապավինեն․ Աննա Գրիգորյան

Ազգային ժողովի նախորդ նստաշրջանից հետո Սյունիքում իրավիճակը որևէ դրական առաջընթաց չի ունեցել։ Այս մասին ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիրգորյանը։ Պատգամավորը նշեց, որ   Գորիս-Կապան ճանապարհի նշված հատվածում երթևեկության կազմակերպման հարցով դիմել է  ՊՆ, ԱԱԾ, ՏԿԵ նախարարությանը սակայն բոլորն էլ նույն պատասխանն են տվել՝ նրանց լիազորություններից դուրս է։

«Ճիշտ հակառակը՝ այսօր ադրբեջանցիները լայնածավալ շինարարական աշխատանքներ են իրականացնում Սյունիքում։ Ի՞նչ են կառուցում այնտեղ, որևէ մեկը պատկերացում ունի՞։ Եվ ի՞նչ նոր վտանգներ կարող են այս շինարարական աշխատանքները ստեղծել մեր հայրենակիցների համար։ Նախորդ նստաշրջանից հետո, երբ մենք բարձրաձայնեցինք մաքսակետի տեղադրման մասին, դրանից հետո մեր հայրենակիցները նույնիսկ առևանգվում էին այդ ճանապարհից։ Եվ դրա պատասխանատուն մինչև այսօր պարզ չէ, թե ով է»,- ասաց Աննա Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ այս հարցով դիմել է բազմաթիվ գերատեսչությունների, այդ թվում՝ ՊՆ, ԱԱԾ, ՏԿԵ նախարարությանը, ոստիկանությանը, որպեսզի պարզաբանեն՝ ի վերջո Գորիս-Կապան ճանապարհի նշված հատվածում երթևեկությունն ինչպե՞ս պետք է կազմակերպվի։ Կամ ի՞նչ պայմանավորվածություններ կան, առհասարակ, անվտանգությունն ինչպե՞ս պետք է կազմակերպել։

«Եվ ես ուզում եմ տեղեկացնել, որ բոլոր այս գերատեսչությունները նույն պատասխանն են տվել՝ ասելով, որ նրանց լիազորություններից դուրս է։ Այսինքն՝ մեր երկրում մի կառուց չկա, որ մեզ կասի՝ ի վերջո այդ ճանապարհով անցնելիս մեր հայրենակիցները ո՞ւմ պետք է ապավինեն, ո՞վ է պատասխանատվություն կրում նրանց անվտանգության համար։ Հավանաբար գաղտնի պահելու բաներ կան, եթե չեն գալիս ու մեզ հստակ բացատրություններ չեն տալիս»,- ասաց նա։ Աննա Գրիգորյանի խոսքով՝ Գորի-Կապան ճանապարհով երթևեկող անձինք այսօր երկար ժամանակ կանգնում են, մինչև ռուս սահմանապահները գալիս ու իրենց ուղեկցում են։

  • Կիսվել: