շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մեզ սպասվում են նույնքան դժվար, եթե ոչ ավելի, տարիներ, որոնք կարող են ճակատագրական լինել. Հակոբ Տեր-Խաչատուրյան

Մեզ սպասվում են նույնքան դժվար, եթե ոչ ավելի, տարիներ, որոնք կարող են ճակատագրական լինել. Հակոբ Տեր-Խաչատուրյան

ՀՅԴ 34-րդ ընդհանուր ժողովը գումարվեց այնպիսի շրջանում, երբ Հայաստանն ու Արցախը ճգնաժամ են ապրում. Վերջին երեք տարիները մեր պատմության մեջ դժվարագույն տարիներ էին, մեծ մարտհրավերների առջեւ կանգնեց ամբողջ հայ ժողովուրդը: Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նորընտիր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր- Խաչատուրյանը:

«Այդ ցնցումը ստեղծեց հուսահատության ալիք, պարտվածի հոգեբանություն, որը պետք է թոթափել, ամեն գնով փակել այդ էջը եւ գնալ առաջ: Մեզ սպասվում են նույնքան դժվար, եթե ոչ ավելի, տարիներ, որոնք կարող են ճակատագրական լինել: Այդ առումով ՀՅԴ Ընդհանուր ժողովը նշեց, որ այս իշխանությունների վարած ապազգային քաղաքականությունը հանգեցրել ու հանգեցնում է հավելյալ պառակտումների, այդ պառակտումը տեղափոխվել է Սփյուռք, որը շատ տխուր երեւույթ է:

Մենք պատրաստ ենք մեր բաժինն անելու եւ հայտարարել ենք, որ անհրաժեշտություն է համահայկական կառույցների, մեր երկու կաթողիկոսությունների հետ ստեղծել այնպիսի ֆորում, որ նաեւ նպաստի սփյուռքի ամրապնդմանը, հիասթափության մթնոլորտը ցրելուն»,-ասաց նա:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հայտարարեց, որ չափազանց ակտիվացել է թուրք-ադրբեջանական տանդեմը. «Թուրքիան իրականացրել է իր երազանքների մի մասը՝ թափանցել Հարավային Կովկասից ներս: Այդ առումով Թուրքիայի ախորժակը սրվել է եւ այս ֆոնին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցին պետք է մոտենալ չափազանց զգուշավորությամբ, որովհետեւ այդ մոտեցումները երբեք չպետք է խանգարեն եւ ի վնաս լինեն մեր համահայկական շահերին՝ անտեսելով հայ ժողովրդի անժամանցելի պահանջատիրական իրավունքները, ինչպես նաեւ Հայաստանի ու Արցախի անվտանգությունն տարածքային ամբողջականությունը»:

Նա ընդգծեց, որ ՀՅԴ-ն անհրաժեշտ է համարում պայքարի նոր մոտեցումների, նոր ձեւերի առաջացումը. «Մենք մեր միջոցների արդիականացման խնդիր ունենք, եւ այդ ուղղությամբ աշխատելու ենք աշխարհով մեկ:

Այսօրվա իշխանությունները հանդես չեն գալիս որպես Արցախի եւ արցախահայության անվտանգության երաշխավոր: Սա շտ ցավալի երեւույթ է, որովհետեւ անցյալում միշտ շեշտել ենք, որ այդ երաշխավորությունը պետք է տա Հայաստանը: Նույնիսկ նշել ենք, որ եթե անկախության ճանաչման ընթացքը չկարողանա ամբողջականացնել Հայաստանը, պետք է նվազագույնը ունենա ռազմաքաղաքական դաշինք Արցախի հետ: Այսօր իշխանություննմերը երբեմն նույնիսկ խուսափում են այդ հարցից, խուսափում են նույնիսկ Հայ դատի հետապնդումից՝ փորձելով այդ պատասխանատվությունը դնել միայն Սփյուռքի ուսերին»,-ասաց Տեր-Խաչատուրյանը:

  • Կիսվել: