չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մերձավոր Արեւելքի հայկական համայնքները կանգնած են չորս գլխավոր մարտահրավերների առջեւ. Սիրիայի դեսպան

Մերձավոր Արեւելքի հայկական համայնքները կանգնած են չորս գլխավոր մարտահրավերների առջեւ. Սիրիայի դեսպան

Մերձավոր Արեւելքի հայկական համայնքները կանգնած են չորս գլխավոր մարտահրավերների առջեւ։ Այս մասին «Մերձավոր Արեւելքի երկրների հայկական համայնքները. ժամանակակից միտումներ եւ փոխակերպումներ» թեմայով գիտաժողովի ժամանակ, որը տեղի է ունենում նոյեմբերի 30-ին Երեւանում, հայտնել է Սիրիայում Հայաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Նորա Արիսյանը։

Նա նշել է, որ տարածաշրջանի հայկական համայնքները բախվել են թվաքանակի, ինչպես նաեւ եկամուտների աղբյուրների կրճատման սպառնալիքին։ «Բացի այդ, սպառնալիքի տակ է հայտնվել արեւմտահայերենը, գոյություն ունի նաեւ ընդհանուր առմամբ հայ ինքնության պահպանման խնդիրը»,- ավելացրել է դիվանագետը։

Նրա գնահատմամբ՝ Մերձավոր Արեւելքի արաբական երկրների հայկական համայնքները խիստ տարբերվում են մյուսներից, եւ չի կարելի դրանք դիտարկել որպես մեկ ընդհանուր ամբողջություն, բայց եւ կան նմանություններ, այդ թվում այն մարտահրավերների տեսակետից, որոնք նրանք հաղթահարում են։

Արիսյանը տեղեկացրել է, որ Սիրիայի կառավարությունը, հենվելով բազմամշակութայնության սկզբունքի վրա, տասնամյակներ շարունակ ակտիվ աջակցություն է ցուցաբերել հայկական համայնքին։ «Սրա վառ վկայությունն է երկրների տարածքում հայկական կազմակերպությունների, այդ թվում ուսումնական հաստատությունների եւ կենտրոննների գործունեությունը»,- ընդգծել է դեսպանը։ Նրա խոսքով՝  աջակցությունը կրում է մշտական բնույթ եւ ցուցաբերվում է նաեւ Սիրիայում պատերազմից հետո։

  • Կիսվել: