հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մեր ընդդիմադիր գործընկերներն ուղղակի չէին կարող գտնել նախագահի այլընտրանքային թեկնածու. Ռուբեն Ռուբինյան

Մեր ընդդիմադիր գործընկերներն ուղղակի չէին կարող գտնել նախագահի այլընտրանքային թեկնածու. Ռուբեն Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ Վահագն Խաչատուրյանի թեկնածությանն ու հարցի քննարկմանն ընդդիմության բացակայությանը: Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը: 

«Իմաստը հետևյալն է. մեր ընդդիմադիր գործընկերներն ուղղակի չէին կարող գտնել նախագահի այլընտրանքային թեկնածու, որովհետև ոչ մի մարդ, որը կկարողանար իր որակներով հավակնել պաշտոնին, չէր համաձայնի լինել իրենց թեկնածուն:

Նրանք նույնիսկ իրենց միջից չէին կարող ընտրել նախագահի թեկնածու, որովհետև «Հայաստան» դաշինք գոյություն չունի, «Հայաստան» խմբակցության մեջ կան 3-4 խմբակցություններ ու ազատ անհատներ, որոնց համար ավելի շուտ աշխարհը փուլ կգա, քան իրենք կհամաձայնեն, որ իրենց մեկ այլ գործընկեր դառնա նախագահի թեկնածու:

«Պատիվ ունեմ» խմբակցություն նույնպես չկա, այնտեղ նույնպես, թեև ավելի քիչ թվով պատգամավորներ կան, սակայն կա 3-4 խմբակցություն: Սա է միակ պատճառը, որ մեր ընդդիմադիր գործընկերներն այսօր այստեղ մեզ հետ չեն: Դա մեզ բացարձակ չի խանգարում, ասեմ ավելին, նիստն անցնում է ավելի հաճելի, քան կարող էր անցնել: Ես մեր ընդդիմադիր գործընկերներին կոչ եմ անում չզբաղվել իմիտացիոն գործունեությամբ: Իշխանություններին լեգիտիմություն հաղորդում կամ չի հաղորդում ժողովուրդը, և իրենք պարտավոր են ընդունել ժողովրդի լեգիտիմությունը: Ես իրենց կոչ եմ անում գալ իրական դաշտ և արդարացնել իրենց գոյությունն այս Ազգային ժողովում»,- ասաց Ռուբինյանը:

  • Կիսվել: