հինգշաբթի, դեկտեմբեր 1
1 / 12 / 2022
Մեր շահերից չի բխում, որ Ռուսաստանը թուլացած դուրս գա այս պատերազմից. Քոչարյան

Մեր շահերից չի բխում, որ Ռուսաստանը թուլացած դուրս գա այս պատերազմից. Քոչարյան

Իրանը միակ երկիրն է, որ կարող է զսպող հանգամանք լինել եւ Թուրքիայի, եւ Ադրբեջանի համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այո, մենք պրոբլեմ ունենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ եւ պետք է նայել, թե էլ որ երկրներն ունեն այդ պրոբլեմները եւ համագործակցության կամուրջներ կառուցել այդ երկրների հետ։ Սա է աշխարհաքաղաքականությունը։ Հետաքրքրություններ կարող է ունենալ նաեւ Չինաստանը։ Այդ ուղղությամբ ես տեսնում եմ որոշակի քայլեր վերջին մի քանի օրվա ընթացքում։ Հիմա դրանք ձեւական, ցուցադրական քայլեր են, թե որոշակի շարունակություն են ունենալու, ես չգիտեմ։ Բայց այդ քայլերը պետք էր անել պարտությունից անմիջապես հետո։ Իսկ ավելի ճիշտ դա պետք էր անել 2018-ից, որովհետեւ մինչ այդ մենք Հունաստանի հետ, Հունաստանի ՊՆ-ի հետ ունեցել ենք բավական լուրջ հարաբերություններ։ Խնդիրն այն է, թե որն է քո նպատակադրությունը։ Եթե դու լրիվ ուիշ նպատակ ես ձեւակերպել քո երկրի համար, այդ հարցերը դառնում են երկրորդական։ Եթե դու համարում ես, որ Թուրքիայի հետ հավերժ ախպերություն ես ունենալու, հենց սահմանը բացվի, այլեւս վտանգ չի լինելու, դու չես փնտրում այն երկրների հետ հարաբերություններ, որոնք խնդիր ունեն Թուրքիայի հետ»,- ասաց նա։

Քոչարյանը նկատեց, որ աշխարհը գնում է դեպի ավելի բեւեռացում եւ այդ ֆոնին առաջնորդնվել թեզերով, որոնք աշխարհի տրենդների հետ որեւէ աղերս չունեն. «Ես բացատրություն չունեմ, թե ինչու են այդպես անում՝ պատվեր են կատարում, թե չեն գիտակցում՝ ինչ են անում, թե գիտակցելով են անում։ Այդ դեպքում չեմ հասկանում, թե ում շահերն են սպասարկում։ Չեմ ուզում առաջ գնալ այս գնահատականների մեջ, բայց որոշ կասկածներ, իհարկե, առաջանում են»,-ասաց երկրորդ նախագահը։

Անդրադառնալով Ֆրանսիային, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ Ֆրանսիան միշտ բարեկամ է եղել Հայաստանին. «Ֆրանսիան, իհարկե, հարցեր ունի Ֆրանսիայի հետ եւ պետք է իրենց հետ աշխատել։ Բայց հույսեր կապել, որ Ֆրանսիան կարող է այստեղ զորք ուղարկել եւ մտածել, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրի զորքը կարող է, օրինակ, Սյունիքում տեղակայվել եւ դու Իրանի հետ հարցեր չունենաս, դա եւս կլինի մանկամտություն։ Դրա համար պետք է այս բոլոր գործոններն իրար հետ համադրության մեջ դնել եւ փորձել հասկանալ, թե ամենից ճիշտ ուղղությունը որն է»,- ընդգծեց նա։

Հարցին, թե արդյոք պետք է կոնկրետ ընտրություն կատարել Ռուսաստանի եւ հավաքական Արեւմուտքի միջեւ, թե՞ պետք է տարբեր ուղղություններով աշխատել, Քոչարյանը պատասխանեց. «Ակնհայտ է, որ կոմպլեմենտարության կորիդորը շեշտակի նեղացել է, բայց դա չի նշանակում, որ չպետք է շփվել Արեւմուտքի հետ, այո, պետք է շփումները շարունակել։ Եկեք նայենք  սցենարներ. Եթե Ռուսաստանը թուլացած դուրս գա այս պատերազմից, ակնհայտ է, որ իր ազդեցությունը Թուրքիայի ու Ադրբեջանի վրա շեշտակի նվազելու է եւ այդ երկու երկրների ազդեցությունը տարածաշրջանում մեծանալու է։ Դա մեր շահերից չի բխում։ Այստեղ շատ բարդ սխեմա չի։ Մեր շահերից չի բխում, որ Ռուսաստանը թուլացած դուրս գա այս պատերազմից։ Եթե ուժեղացած դուրս գա, ուրեմն Ալիեւը չի համարձակվելու ասի՝ ով ուզում է ինձ զանգի, ինչը հիմա ասում է»։

  • Կիսվել: