երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեր Սահմանադրությունը բարեփոխումների կարիք ունի. Արմեն Սարգսյան

Մեր Սահմանադրությունը բարեփոխումների կարիք ունի. Արմեն Սարգսյան

«Նախ և առաջ, եթե երկու կողմից թեժ քննադատության է արժանացել՝ ուրախ եմ: Հետևաբար, ես, հավանաբար, ճիշտ որոշում եմ ընդունել»,- հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ aravot.am-ին տված հարցազրույցում անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության պատմությանը:

Հիշեցնենք, նախագահը երկու անգամ չէր ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու՝ ՀՀ վարչապետի միջնորդությունը, որից հետո Սահմանադրության համաձայն Գասպարյանի լիազորությունները դադարել էին իրավունքի ուժով:

«Երբ վարչապետի առաջարկությունը եկավ՝ Օնիկ Գասպարյանին ազատել աշխատանքից, ակնկալիքն այն էր, որ Հանրապետության նախագահը պետք է ստորագրի: Սակայն, քանի որ այս ամբողջը տեղի էր ունեցել Գլխավոր շտաբի ղեկավարի և իր գործընկերների հայտարարությունից հետո, բնական է, իմ առաջին քայլը հետևյալն էր՝ ես որևէ փաստաթուղթ չեմ ստորագրի, մինչև մարդկանց հետ չհանդիպեմ: Գնացի Գլխավոր շտաբ, հանդիպեցի Օնիկ Գասպարյանի հետ: Ներկաներ կային, հետո գեներալների հետ առանձին հանդիպեցի, բավականին երկար տևեց՝ մի քանի ժամ: Չեմ կարծում, թե էթիկայի տեսակետից ճիշտ է, որ Ձեզ փոխանցեմ՝ ինչ ենք խոսել Օնիկ Գասպարյանի հետ: Դրանից հետո նորից հանդիպել ենք Օնիկ Գասպարյանի և նաև գեներալների հետ: Ընդհանուր տպավորությունը կարող եմ փոխանցել. նախ և առաջ ինձ համար հստակ էր, որ ո՛չ Օնիկ Գասպարյանը, ո՛չ Գլխավոր շտաբի գեներալները չեն պատրաստվում ուրիշ քայլ անել, բացի իրենց հայտարարությունից: Սա իրենք հայտարարում էին, և իրենց ելույթներում էլ ինձ համար շատ հստակ էր»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով, հանդիպումից հետո եկել է եզրակացության, որ կա առերևույթ սահմանադրական խնդիր: «Եվ ես հստակ ասացի, որ չեմ ստորագրելու, ուղարկեցի վարչապետին, ըստ ընթացակարգի՝ վարչապետն իր կարծիքը հետ ուղարկեց, ես նորից, երկրորդ անգամ հաստատեցի, որ չեմ ստորագրելու և խնդիրը տանելու եմ Սահմանադրական դատարան, ինչպես և արեցի:

Երբ հայտարարեցի, որ չեմ ստորագրելու, ընդդիմությունը, որի մասին Դուք խոսում եք, հայտարարեց, որ նախագահը միացավ իրենց: Ցավում եմ, որ երեք տարի ուշադիր չեն հետևում, թե նախագահը և նախագահական ինստիտուտն ինչպես են աշխատում: Սակայն իրենք իրենց պատկերացումներն ունեին, թե ես ինչպես պետք է դիմեմ Սահմանադրական դատարան, և, իրենց պատկերացմամբ, պետք է դիմեի Օնիկ Գասպարյանի անձնական գործով»,- մանրամասնել է Սարգսյանը: Ըստ նրա՝ ընդդիմությանը չի բավարարել, որ ինքը ՍԴ է դիմել՝ վիճարկելով միայն «Զինվորական ծառայության եվ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի դրույթները: «Սա ընդդիմությանը չբավարարեց, և «վերջապես նախագահ ունեցանք, նախագահը միացավ մեզ» արտահայտությունները փոխարինվեցին ուրիշ բառերով:

Երբ վարչապետը նորից դիմեց, որ ստորագրեմ Օնիկ Գասպարյանի փոխարեն նոր նշանակումը, ինչպես Դուք գիտեք, ես նորից հրաժարվեցի և ասացի, որ չեմ ստորագրելու, բայց Սահմանադրական դատարան չդիմեցի, որովհետև արդեն իսկ դիմել էի այդ հարցով: Այսինքն՝ իմ դիմումը ներառում էր ոչ միայն Օնիկ Գասպարյանի դեպքը, այլև բոլոր հնարավոր դեպքերը: Հետևաբար, իմ՝ նման ձեւով Սահմանադրական դատարան դիմելը ճիշտ էր»,- ասել է նա:

Արմեն Սարգսյանը խոսել է նաև ՀՀ-ում նախատեսված խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին: «Օրը, իհարկե, պետք է ինչ-որ գործընթացի արդյունքում հայտարարվի կամ կհայտարարվի, բայց, համենայն դեպս, ենթադրվում է, որ այդ օրը հունիսի երկրորդ կեսին է, ինչը շատ քիչ ժամանակ է թողնում այն ամենի համար, ինչի մասին մենք խոսեցինք: Ես շարունակելու եմ պնդել, որ, ի վերջո, եթե մենք համարում ենք, որ մեր Սահմանադրությունը բարեփոխումների կարիք ունի, եթե համարում ենք, որ ընտրական օրենսգիրքը բարեփոխումների կարիք ունի, եթե ուզում ենք, որ ընտրություններից հետո նորից քաղաքական ուժերն իրար չմեղադրեն, ապա պետք է աշխատենք առավելագույնս մոտ լինել այն առաջարկությանը, որ ես արել եմ: Հակառակ դեպքում ընտրություններից հետո, գուցե մի սցենարով կամ մի հնարավորության դեպքում կունենանք կուսակցություն, որը կունենա մեծամասնություն, և այդ դեպքում մյուսները, հնարավոր է, բավարարված չլինեն: Հնարավոր է՝ այնպիսի Ազգային ժողով ունենանք, որ որևէ կուսակցություն չունենա մեծամասնություն, և Ազգային ժողովի ներսում ունենանք զանազան խնդիրներ, այսինքն՝ ոչ կայուն և ոչ հավասարակշիռ Ազգային ժողով ունենանք»,- ասել է նա:

  • Կիսվել: