կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մեր ռազմավարական նպատակը քաղաքացու թվային պրոֆիլի ստեղծումն է. Նիկոլ Փաշինյան

Մեր ռազմավարական նպատակը քաղաքացու թվային պրոֆիլի ստեղծումն է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարությունը միջազգային մրցույթ կհայտարարի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թվային համակարգի ստեղծման համար։ Մրցույթին կարող են մասնակցել մասնավոր ընկերությունները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե կառավարության ռազմավարական նպատակը քաղաքացու թվային պրոֆիլի ստեղծումն է։
«Այստեղ բիոմետրիկ անձնագիրն ունի շատ էական նշանակություն։ Եթե մենք ուզում ենք հիմա անձին նույնականացնել, ասում ենք՝ ներկայացրեք ձեր անձնագիրը, մարդը անձնագիրը ներկայացնում է, նայում ենք դեմքին, նայում ենք իրեն ու որոշում ենք՝ ինքն այն մա՞րդն է, որը նշված է անձնագրի մեջ, թե՞ ուրիշ մարդ է, կարող են կասկածներ լինել անձնագրի իսկական կամ ոչ իսկական լինելու վերաբերյալ»,- ասաց վարչապետը։

Նա ասաց, թե հիմա խնդիրն այն է, որ երբ մարդը թվային հարթակում ներկայանում է որպես այդպիսին, հնարավորություն լինի նույն գործողության թվային տարբերակն անել նաև համացանցում։

«Սրա համար բիոմետրիկ անձնագիրն ու նույնականացման քարտն ունեն առանցքային նշանակություն, սա ընդամենը շատ ֆունդամենտալ, բայց առաջին քայլն է, հաջորդ քայլերով մենք պետք է ստեղծենք մեխանիզմ, որ թվային տարածքում մարդուն կարողանանք նույնականացնել, համոզվել, որ նա, ով ներկայանում է որևէ իրավահարաբերության մեջ, հենց այն մարդն է, որպիսին ներկայանում է»,- ընդգծեց վարչապետը։

Նրա խոսքով՝ երբ հնարավոր լինի անել այս նույնականացումը, նույն կեպ հնարավոր կլինի անել էլեկտրոնային ստորագրության նույնականացումը, ու բոլոր այն գործարքները, որոնք արվում են անձնագրի օգտագործմամբ, հնարավորութուն կլինի իրականացնել հեռախոսից ինտերնետի միջոցով։

Հաջորդ քայլը, վարչապետի խոսքով, պետք է լինի «Mobile ID»-ի ընդունումն ու թողարկումը ինչը նշանակում է, որ գործնականում մարդը նույնականացման քարտ ստանալուց հետո քարտը պետք է պահի տանը, որ չկորի ու պետք է հնարավորություն տրվի, որ բջջային հավելվածի միջոցով մարդը կարողանա օգտագործել նույնականացման տվյալը։

«Կենսաչափական անձնագիրն էլ արդեն որպես ճամփորդական անձնագիր պետք է օգտագործվի բոլոր այն դեպքերում, երբ նույնականացման քարտը որպես ճամփորդական փաստաթուղթ օգտագործելու հնարավորություն չկա։ Վրաստանի սահմանը հատելու պարագայում, օրինակ, բավարար է նույնականացման քարտը, բայց այլ երկրներ ճամփորդելու համար անհրաժեշտ կլինի բիոմետրիկ անձնագիրը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: