հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մեր պատմական թշնամին մեր քթի տակ է, կոչս է՝ վերջ տալ ներքին թշնամանքին. պատգամավոր

Մեր պատմական թշնամին մեր քթի տակ է, կոչս է՝ վերջ տալ ներքին թշնամանքին. պատգամավոր

Գտնվում ենք խիստ մտահոգիչ ու լարված իրավիճակում․ Ադրբեջանը դիմել է բացահայտ սադրիչ գործողությունների՝ խախտելով մեր երկրի պետական սահմանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

՛՛Այս ամենի մանրամասներին տիրապետում ենք բոլորս ու ռիսկերի մասին հույս ունեմ՝ գիտակցում ենք բոլորս։ 44 օրյա պատերազմը ի ցույց դրեց, որ մեր գլխավոր խնդիրներից է միմյանց նկատմամբ անհադուրժողականությունը, տեղ-տեղ անգամ ատելությունը, անհրաժեշտ միասնականության պակասը, պատերազմին նախորդած 20 և ավելի տարիներին մեզ մատուցված կեղծ իրականությունը, եւ առհասարակ սուտը։

Վստահ եմ, որ անկախ քաղաքական, գաղափարական տարբերություններից բոլոր շրջանակների ներկայացուցիչները հստակ գիտակցում են, որ մեր ոչ բարով հարևանների մեծագույն երազանքն է տեսնել Հայաստանն առանց հայերի։

Բայց ինչո՞վ ենք զբաղված մենք այդ ընթացքում․ քաղաքական պայքարը շատերի համար վեր է ածվել անձնական վրեժխնդրության, ինչի արդյունքում միակ տուժողը մենք ինքներս ենք ու մեր պետությունը, մեր վիրավոր հայրենիքը։ Մենք հայհոյում ենք միմյանց ամենավերջին խոսքերով, մտնում ենք անձնական տիրույթ՝ վիրավորելով ու անգամ հայհոյանքներ հնչեցնելով սրբությունների հասցեին։

Մենք մի որոշ շրջանակի մարդկանց համարում ենք հանցագործ, վստահ ենք, որ հենց նրանք են Հայաստանը հասցրել այս ճգնաժամային իրավիճակին։ Այդ նույն շրջանակը մեզ անվանում է դավաճան, թրքասեր, սորոսական ու էլ չգիտեմ ինչ։ Թե ո՞րն է իրականությունը, ցույց կտա ժամանակը, հաստատ ցույց կտա․ ճշմարտությունից ու արդարադատությունից ոչ-ոք չի կարող փախչել։

Բայց հիմա այլ հարց կա․ մինչև ե՞րբ ենք այսպես շարունակելու և ու՞ր ենք հասնելու վերջում։ Մեր պատմական թշնամին մեր քթի տակ է, մեր հայրենիքը վիրավոր է, ու մեր առաջնային անելիքը դադարեցնելն է միմյանց վրա քարեր նետելը․ քարերը բոլորովին այլ ուղղությամբ է պետք նետել. մենք մեր երկրում թշնամիներ չունենք։

Հայրենասիրությունը խոսքերով չի չափվում, ուստի յուրաքանչյուրս մեր քայլերով պետք է արտահայտենք մեր սերը մեր հայրենիքի նկատմամբ, և առաջին հերթին, միմյանց նկատմամբ խիստ հանդուրժող և, որտեղ հնարավոր է, հոգատար վերաբերմունքով։

Առաջարկս, խնդրանքս, հորդորս կամ կոչս է, ինչպես ուզում եք մեկնաբանեք, այս պահից սկսած` վերջ տալ ներքին թշնամանքին։ Քաղաքական պայքարը անձնական, առավել ևս ընտանեկան տիրույթ տեղափոխելն անընդունելի է և պատժելի։

Եթե ինքս հատել եմ կարմիր գծեր, որպես ԱԺ պատգամավոր, ով պատասխանատվություն է կրում երկրում հանդուրժողականության մթնոլորտի ապահովման համար, պատրաստ եմ ընդունել այդ փաստը, կամ եթե տեղիք եմ տվել վիրավորանքներին ու հայհոյանքներին և ներքաշվել եմ այդ տիրույթ՝ վիրավորելով այլոց, կրկին պատրաստ եմ։ Բայց, ինչպես գիտենք, խաղաղությունը միակողմանի չի լինում, ուստի բոլոր շրջանակներից, առավել ևս քաղաքական, ակնկալում եմ հանդուրժողականություն, պահանջում եմ քաղաքական պայքարը չտեղափոխել անձնական տիրույթ։

Խաղաղություն մեզ և մեր երկրին` հանուն մեր երեխաների անվտանգ ու երջանիկ ապագայի՛;,-գրել է նա։

 

 

  • Կիսվել: