ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեր օրակարգում միշտ կա Ադրբեջանի ժողովրդի հետ պարզ, բաց ու անկեղծ խոսելու հնարավորությունը. Փաշինյան

Մեր օրակարգում միշտ կա Ադրբեջանի ժողովրդի հետ պարզ, բաց ու անկեղծ խոսելու հնարավորությունը. Փաշինյան

Այն բովանդակությունը, որ մեր կառավարությունը 2018-ից հետո դրել է Ղարաբաղի հարցի և ընդհանրապես՝ տարածաշրջանային քաղաքականության հիմքում, հենված է խաղաղության քաղաքականության վրա: Այս մասին այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը:

Նա նշեց, որ, իր կարծիքով, դա տեսանելի է միջազգային հանրությանը, իսկ այն քաղաքականությունը, որ Ադրբեջանը վարում է երկար ժամանակ, հենված է ռազմաշունչ հայտարարութունների տրամաբանության վրա:

՛՛Կարծում եմ՝ նման հայտարարությունների հիմնական նպատակն է, որ Արցախի, Հայաստանի ժողովուրդը և ընդհանրապես՝ Արցախն ու Հայաստանը Ղարաբաղի հարցի կարգավորման ողջ պրոցեսն ընկալեն վախերի պրիզմայով: Միայն այդ պարագայում կարող է այդ ռազմաշունչ արտահայտությունների վրա հիմնված քաղաքականությունը պայմանականորեն լինել արդյունավետ՛՛,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ հայ ժողովուրդը վախերի պրիզմայով, առավել ևս՝ Արցախի հարցում, ընկալելու սովորություն, մշակույթ չունի ,և ընդհանրապես նման բանը բացառվում է: ՛՛Բացի այդ, մենք ասել ենք, որ բացառված է որևէ սպառնալիքի ներքո Հայաստանի Հանրապետությանը բանակցային բովանդակություն պարտադրվի՛՛,-ասաց նա:

Փաշինյանը հավելեց. ՛՛Քանի որ, այս հանգամանքների բերումով այդ ռամզաշունչ տրամաբանությունն արդյունավետ չէ, նրանք հայտնվում են տեղապտույտի մեջ: Ադրբեջանի իշխանությունը խնդիր ունի սեփական ժողովրդին բացատրելու, թե ինչու են այսքան ժամանակ այդ ռազմաշունչ տրամաբանությամբ գնում առաջ:

Դա իրենց հայեցակարգն է, որն անում են արդյունքի հասնելու, և ինչո՞ւ արդյունքի չեն հասնում: Օդում կախված այս հարցին պատասխանելու համար Ադրբեջանը ևս մի աստիճանով բարձրացնում է իր ռազմաշունչ հռետորաբանությունը, որ ավելի մեծ տպավորություն գործի սեփական ժողովրդի վրա, բայց սրանով տեղապտույտն ավելի է խորանում՛՛:

Վարչապետի կոչը Ադրբեջանի նախագահին, իր խոսքով, շարունակում է մնալ նույնը՝ կառուցողական մոտեցում ցուցաբերել և, ի վերջո, հրապարակային համաձայնել իր առաջարկած բանաձևի հետ, որ Արցախի հարցի որևէ կարգավորում պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդի համար, ուրիշ բանաձև չկա:

Փաշինյանի կոչը վերահաստատելուց հետո պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը վարչապետին հարցրեց, թե արդյոք այդ կոչերից հետո նա տեսնու՞մ է որոշակի քննարկումների ձևավորման պահանջ ադրբեջանական հասարակության ներսում: Այս առնչությամբ Փաշինյանն ասաց. ՛՛Ես տպավորություն ունեմ, որ դիսկուսրի առումով Արդբեջանի ղեկավարությունը շատ մեծ դիսկոմֆորտ կարող էր ապրել այն բանից, որ ես, օրինակ վարչապետի կարգավիճակով, չէի խորշում խոսել ուղիղ Ադրբեջանի ժողովրդի հետ՛՛:

Ըստ նրա՝ այդ ռազմատենչ հռետորաբանության աստիճանի բարձրացումը նաև ներքին վախերն են:

Վարչապետը, մասնավորապես, նշեց. ՛՛Ժամանակակից տեխնոլոգիաների և կոմունիկացիոն գծերի առկայության պայմաններում՝ հետաքրքիր հնարավորություն է Ադրբեջանի ժողովրդի հետ խոսելը՝ հասկացնելով, որ Ղարաբաղի հարցը կարող է էլիտայի համար ոչ միայն լինել ազգային անվտանգության հարց, այլև կարող է լինել ունեցվածքի, իշխանության պահպանության հարց, բայց ժողովուրդների համար սա շատ ավելի լայն կոնտեքստ ունի:

Ես երբեք չեմ բացառել՝ տեսնելով, որ Ադրբեջանի գործող վերնախավի հետ երկխոսությունը չի ստացվում, կարելի է խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ՝ պարզ, բաց, անկեղծ, և մենք պետք է իմանանք, որ առնվազն այս հնարավորությունը մեր օրակարգում միշտ կա՛՛:

 

  • Կիսվել: