հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Մեր օրակարգում հարցերի հարցը Արցախի կարգավիճակի ճշգրտման խնդիրն է. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արայիկ Հարությունյանի հետ

Մեր օրակարգում հարցերի հարցը Արցախի կարգավիճակի ճշգրտման խնդիրն է. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արայիկ Հարությունյանի հետ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպումը Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից և Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 7-ին Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցից անմիջապես հետո առաջինն է:

Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասել ․

"Մեծարգո պարոն նախագահ, ողջունում եմ Ձեզ կառավարությունում: Սա տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո մեր առաջին պաշտոնական հանդիպումն է, և շատ կարևոր է, որ ձևակերպենք առաջիկա անելիքները: Մենք իրար հետ շատ դժվար ճանապարհ ենք անցել, նկատի ունեմ՝ Արցախի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, մեր ժողովուրդը: Եվ ծանր փորձության օրերին մեր ժողովրդին առաջնորդելու բեռն ու պատիվը մեր ուսերին է ընկած, և մենք պարտավոր ենք մեր առաքելությունը պատվով կատարել:

Իհարկե մենք, նաև՝ դուք էլ հիմա մի փոքր ավելի շատ, ես էլ նախընտրական շրջանում և դրանից առաջ, շատ ենք խոսել տեղի ունեցածի հանգամանքների մասին: Եվ դեռ կան հանգամանքներ, որոնց, իհարկե, անդրադառնալու առիթ կունենանք: Շատ կարևոր եմ համարում ընդգծել, որ նաև նախընտրական շրջանում ես հստակ ձևակերպել եմ 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքների մանրակրկիտ քննությունը, և կարևոր է, որ կարողանանք ձևակերպել այնպիսի ֆորմատ ու այնպես կազմակերպել աշխատանքը, որ այդ աշխատանքը լինի վստահելի, որովհետև շատ կարևոր հարցերի պատասխաններ պետք է ձևակերպվեն:

Բայց նաև կարևոր եմ համարում արձանագրել, որ 44-օրյա պատերազմից հետո մենք միասին բավականին լուրջ ջանքեր ենք գործադրել Արցախում բնականոն կյանքը վերականգնելու համար: Այս ընթացքում երևի տասնյակ աշխատանքային հանդիպումներ ենք ունեցել, մի մասը լուսաբանվել է, մյուս մասը չի լուսաբանվել: Եվ ես, անկեղծ ասած, շատ գոհ եմ մեր գործակցության մակարդակից, այն որոշումները, որ մինչև հիմա իրագործվել են, կարծում եմ՝ բավականին արդյունավետ են:

Հույս ունեմ՝ Արցախի մեր հայրենակիցները զգում են այդ որոշումների արդյունավետությունը, բայց, իհարկե, առաջիկայում ռազմավարական ծրագրեր կան քննարկելու, ես նկատի ունեմ՝ սոցիալ-տնտեսական ոլորտում: Իհարկե, մեր օրակարգում հարցերի հարցը շարունակում է մնալ Արցախի կարգավիճակի ճշգրտման խնդիրը: Եվ պետք է արձանագրենք, որ նոյեմբերի 9-ից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, ըստ էության, արձանագրելով այդ օրակարգը, որպես աշխատանքային օրակարգ: Եվ մենք, պետք է այստեղ նույնպես մեր անելիքները ճշգրտենք, նոր իրադրության մեջ փորձենք որոշակի ռազմավարություն որդեգրել և մեր նպատակներին հասնելու ուղիները մատնանշել:

Կրկին ողջունում եմ Ձեզ, համոզված եմ, որ այսօր քննարկումների արդյունքում նոր լիցք կտանք այն ծրագրերին, որոնք արդեն իրականացվում են, և կձևակերպենք առաջիկա նախագծերը":


 

  • Կիսվել: