կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Մեր միջազգային գործընկերներից ակնկալում ենք Ադրբեջանի գործողություններին անհապաղ և հասցեական արձագանք. Արշակյանը՝ ԵՄ-ին

Մեր միջազգային գործընկերներից ակնկալում ենք Ադրբեջանի գործողություններին անհապաղ և հասցեական արձագանք. Արշակյանը՝ ԵՄ-ին

Նախորդ տարվա իրադարձությունները նոր իրականություն են ստեղծել  մեր տարածաշրջանում եւ դրանից դուրս. 2020 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ծանր հետեւանքներն անդառնալի եղան մեզ համար: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 2-րդ նիստում ունեցած իր ելույթում նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր մեր առջեւ կանգնած են անվտանգության մարտահրավերներ: Տարածաշրջանի խաղաղությունը վտանգված է, կայունությունը` փխրուն: Առավել վտանգավոր զարգացում է հանդիսանում ադրբեջանական զինուժի ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք:

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է 2021 թվականի մայիսի 12-ից: Հայաստանի Հանրապետության դեմ ոտնձգությունները հանգեցրել են մարդկային զոհերի եւ լրջորեն վտանգել տարածաշրջանային անվտանգությունը:

Հայաստանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները, որոնք խաթարում են տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը:

Մեր միջազգային գործընկերներից ակնկալում ենք Ադրբեջանի անօրինական գործողություններին անհապաղ եւ հասցեական արձագանք, այդ թվում`  Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցմանը եւ Ադրբեջանի կողմից սահմաններում հրահրող հետագա սրացումներին: Մեր խորին համոզմամբ, ուժի կիրառումը չի կարող նպաստել վստահության ամրապնդման միջոցառումների հաստատմանը, ինչպես նաեւ խաղաղության մթնոլորտին:

Այս առումով կուզենայի իմ շնորհակալությունը հայտնել Եվրոպական խորհրդարանի անդամներին` 44-օրյա պատերազմից հետո սկզբունքային դիրքորոշում ցուցաբերելու համար: Կուզենայի առանձնահատուկ անդրադառնալ հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի կողմից ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված բանաձեւի համար, որով Եվրոպական խորհրդարանը պահանջում է հակամարտության ընթացքում եւ դրանից հետո ձերբակալված բոլոր հայ գերիների, ռազմական եւ քաղաքացիական անձանց անհապաղ եւ անվերապահ ազատ արձակումը:

Հարգելի գործընկերներ,

Համոզված ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը, 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումը, դրանց խախտումների հետեւանքների վերացումը, այդ թվում` անվերապահորեն հրադադարի ռեժիմի պահպանումը, ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը, ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների անհապաղ վերադարձը կարող են պայմաններ ստեղծել տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության ամրապնդման համար:

Հայաստանը մեծապես կարեւորում է հարեւան պետությունների հետ բնականոն հարաբերություններ ունենալը: Մենք կողմնակից ենք եւ ձգտում ենք տարածաշրջանում բաց սահմաններով եւ գործընկերության վրա խարսխված հարաբերություններ հաստատելուն` մշտապես պատրաստ լինելով առողջ ու իրատեսական երկխոսության:

  • Կիսվել: