երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մեր մեծագույն խնդիրն այն է, որ մարդն ինքն իրեն չի զգում այնպես, ինչպես զգում են դրախտում. Փաշինյան

Մեր մեծագույն խնդիրն այն է, որ մարդն ինքն իրեն չի զգում այնպես, ինչպես զգում են դրախտում. Փաշինյան

Արդեն երկրորդ անգամ ճանապարհից այդ մտքին եմ գալիս և էլի պետք է խոսեմ դրա մասին՝ ժողովուրդ, մենք իրականում ապրում ենք մի երկիր-դրախտավայրում։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Լոռու մարզի Մեծավան համայնքում քարոզարշավի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Ճանապարհով, որ անցնում եմ, նայում եմ սարերին, լանջերին, դաշտերին, իսկապես սա մի աննկարագրելի հայրենիք է։ Մեր մեծագույն խնդիրն այն է, որ մարդն ինքն իրեն չի զգում այնպես, ինչպես զգում են դրախտում»,- ասաց նա՝ նշելով, որ երբ ասում են՝ «ապագա կա», իրենց հեռավոր նպատակն այն է, որ ՀՀ քաղաքացին ՀՀ-ում իրեն համապատասխան ձևով զգա․ զգա այնպես, ինչպես երկիրն է, հայրենիքն է։

«Ինչն է պատճառը, որ դրախտավայրում մենք մեզ չենք զգում դրախտում, պատճառը մեկն է՝ մենք դեռևս ի վիճակի չենք եղել ստեղծել հնարավորություններ, որ մարդիկ աշխատեն և իրենց աշխատանքով զարգացնեն երկիրը»,-ասաց նա։

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ Կառավարության գործն է ոչ թե քաղաքացուն պատասխանատվությամբ ծանրաբեռնելը, այլ պատասխանատվությունը ստանձնելը և քաղաքացու համար հնարավորություն ստեղծելը, որ քաղաքացին աշխատի, հարստանա և հարստացնի:

Փաշինյանն ընդգծեց՝ մեր երկրում առկա յուրաքանչյուր խնդիր կապված է աշխատանքի հետ և Կառավարության նպատակն է մարդկանց հնարավորություն տալ աշխատելու և արարելու:  

«Հայաստանի վարելահողների 50 տոկոսը չի մշակվում: Դա նշանակում է, այդքան ապրանք չի արտահավնել, այդքան աշխատաեղ չի ստեղծվել, և այդքան թերֆինանսավորվել է մեր բանակը, դպրոցը, մանկապարտեզը, առողջապահական հիմնարկը: Այս ճանապարհն է, որ մեզ կանգնեցրել է այս փորձության առաջ: Մենք պայքարե՞լ ենք արդյոք, արե՞լ ենք արդյոք առավելագույնը, որ մենք այդ փորձություն անցնենք առավել պատրաստված ձևով»,- հարց ուղղեց Փաշինյանը:

  • Կիսվել: