Մեր խաղաղության «երաշխավորները» լինելու են ցեղասպան Թուրքիան ու Ադրբեջանը. Արմեն Ռուստամյան
Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանին պատուհասած կործանարար ընթացքը իսկապես բերեց նորանոր կորուստներ, և մենք հավաքվեցինք այս տարի այն մթնոլորտում, որ նախկինում մեր բոլոր նախանշած սպառնալիքներն ու վտանգները էլ ավելի հաստատեցին իրենց կենսունակությունը։ Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ՀՅԴ բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
«Դժբախտաբար մեր ամենավատագույն ենթադրությունները և դրա հետ կապված կանխատեսումները իրականացան: Առաջին անգամը լինելով հայոց պետականության առկայության պայմաններում հայ ժողովուրդը տեսավ ևս մեկ ցեղասպանություն, որը կատարվեց Արցախում, Արցախը հայաթափվեց և հիմա Հայաստանն արդեն բռնել է այս իշխանությունների օրոք մի ճանապարհ, որը տանում է դեպի թուրքացում»,-ասաց նա:
Ռուստամյանը հիշեցրեց, որ ՀՅԴ-ն ժամանակին հանդես էր եկել «ոչ Արցախի հայաթափմանը և ոչ Հայաստանի թուրքացմանը» կարգախոսերով. «Մեր հիմնական խնդիրն այն էր, որ այս փուլում գնահատվեց մեր վիճակի լրջությունը, սպառնալիքները, որոնք այսօր կանգնած են հայության առաջ։ Այս վարչախմբի գործելաոճը պարտվողականությունն ու զիջողականությունն է՝ հանուն կարծեցյալ խաղաղության, որի «երաշխավորը» հանդիսանալու է թուրք-ադրբեջանական տանդեմը։ Սա են հանրությունից փորձում թաքցնել։ Մեր խաղաղության «երաշխավորները» լինելու են ցեղասպան Թուրքիան ու Ադրբեջանը»,- ընդգծեց Ռուստամյանը: