հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մեր իշխանության օրակարգում ռուսական ռազմաբազան հանելու հարց գոյություն չունի․ Ալեքսեյ Սանդիկով

Մեր իշխանության օրակարգում ռուսական ռազմաբազան հանելու հարց գոյություն չունի․ Ալեքսեյ Սանդիկով

Մեր իշխանությունների այսօրվա օրակարգում Գյումրիում տեղակայված 102-րդ ռեւսական ռազմաբազայից հրաժարվելու հարց բացարձակապես չկա, InfoPort.am-ի հետ զրույցում այդ մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը՝ մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի բազայի դուրս բերման վերաբերյալ հայտարարությունը։

Հիշեցնենք՝ Ծառուկյանն մասնավորապես նշել էր, որ հայ հասարակության մեջ ներմուծվում է այն թեզը, որ անհրաժեշտ է վերանայել Ռուսաստանի հետ ռազմական համաձայնագիրը, ինչը կհանգեցնի ռուսական 102-րդ ռազմական բազայի մեր երկրից դուրս բերմանը:

«Հակառակը մեր իշխանության ժամանակ էր, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի այցի շրջանակում համալրվեց ռուսական ռազմաբազայի պոտենցիալը։ Բարձր-բարձր գոռացող և անհանգստացող քաղաքական և հասարակական գործիչները, կարծում եմ, չէր խանգարի, որ ծանոթանային այդ ռազմաբազայի պայմանագրին: Բազայի դուրս բերման հարց չի կարող լինել այն պարզ պատճառով, որ այն մեծ օգուտ է բերում թե հայկական, թե ռուսական կողմերին», -ասաց պատգամավորը։

Նա ընդգծեց, որ ցանկացած երկրի հետ ՀՀ-ի գործընկերության հիմքում պետք է դրվի այն միտքը, որ Հայաստանը պետք է տվյալ երկրին նույնչափ, որքան այդ երկիրը՝ Հայաստանին։ «Այստեղ հպատակության, կրունկի տակ գտնվելու, վիզը ծուռ քաղաքականության կարծրատիպից պետք է դուրս գալ ռուսի ասած՝ раз и навсегда», - հավելեց պատգամավորը։

Նշենք, որ բազայի դուրս բերման խոսակցություններին երեկ անդրադարձել է նաև ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ով իր խոսնակի միջոցով փոխանցել է. «102-րդ ռազմաբազայի գործունեության կասեցման թեմայով հայտարարություններն ու հրապարակումները բարոյականության պակասի, աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական տհասության հետևանք են»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: