հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մեր բոլոր ջանքերը գործադրելու ենք խաղաղության օրակարգով առաջ շարժվելու համար․ Արուսյակ Ջուլհակյան

Մեր բոլոր ջանքերը գործադրելու ենք խաղաղության օրակարգով առաջ շարժվելու համար․ Արուսյակ Ջուլհակյան

«Ալիևը կարող է ունենալ պատերազմի օրակարգ, կարող է ունենալ նախընտրական շրջանում աքլորանալու օրակարգ, այսինքն՝ ցանկացած օրակարգ կարող է ունենալ, այստեղ կարևոր է, թե մեզ ինչն է հետաքրքրում այս ամբողջ գործընթացում, որն է ՀՀ-ի օրակարգը և որն է ՀՀ-ի շահը»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

Ջուլհակյանի խոսքով՝ ՀՀ-ի շահից բխում է խաղաղությունը. «Մենք խաղաղության օրակարգն ենք առաջ բերել և մեր բոլոր ջանքերը գործադրելու ենք այդ օրակարգով առաջ շարժվելու համար: Ուզում եմ հիշեցնել, որ երբ ՀՀ-ի ղեկավարը խոսում է, խոսում է ԱԺ-ի ամբիոնից, խոսում է կուսակցական հավաքի ժամանակ, նա խոսում է նաև ամբողջ աշխարհի հետ և երբ մեր լիդերը խոսում է խաղաղության մեր նկրտումների մասին և ներկայացնում է մեր պատկերացրած խաղաղության ճանապարհը, նա այդ ժամանակ ոչ միայն մեր հասարակության հետ է խոսում, ոչ միայն Ադրբեջանի հասարակության հետ է խոսում, այլ նաև խոսում է ամբողջ միջազգային հանրության հետ և նաև միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում խաղաղության մեր օրակարգի վրա»:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք խաղաղության օրակարգը կարելի է համարել ձախողված՝ պատգամավորն ասաց. «Ես չեմ կարծում, թե որևէ փուլում խաղաղության օրակարգը մենք պետք է համարենք ձախողված, մենք պետք է շարունակենք այդ ուղղությամբ մեր ջանքերը ոչ միայն մեր հարևանի, այլ նաև միջազգային հանրության հետ, միջազգային գործընկերների հետ մեր շփումներում, քանի որ այս տարածաշրջանում խաղաղությամբ միայն Հայաստանը չէ, որ շահագրգռված է, այլ նաև այլ միջազգային գործընկերներ, որոնք նույնպես կարող են իրենց ներդրումն ունենալ այս գործընթացում»:

  • Կիսվել: