հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
115 օր և Հայաստանի համար կբացվի նոր դարաշրջան. Սամվել Կարապետյանի ուղերձը՝ գեներացված ԱԲ-ով

115 օր և Հայաստանի համար կբացվի նոր դարաշրջան. Սամվել Կարապետյանի ուղերձը՝ գեներացված ԱԲ-ով

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գեներացրել է Սամվել Կարապետյանի ուղերձը՝ արհեստական բանականությամբ։ 

Ուղերձում Սամվել Կարապետյանը մասնավորապես նշել է, որ 2025 թ-ի հուլիսի 4-ին, երբ դեռ իր կալանքի 1 ամիսը չէր լրացել՝ ինքն հայտնել է իր նախաձեռնության մասին, որն արդեն իրականություն է դարձել, այն է՝ մտնում են քաղաքական պայքարի մեջ՝ հանուն հայրենիքի լավ ապագայի։ 

«Ինձ կալանավորելով ու կալանքի տակ պահելով՝ փոքրիկ խմբակը կարծում էր, որ կլռեցնեն ու կմեկուսացնեն ոչ միայն ինձ, այլ ՀՀ ձայնը, մեր ժողովրդի ձայնը, մեր քաղաքացու ձայնը, բայց նրանք հերթական անգամ սխալվեցին ու ձախողվեցին։ Հիմա մեր ձայնն ավելի բարձր է հնչում, հիմա մենք ավելի ուժեղ ենք քան երբևէ։ Մենք ևս մեկ անգամ հաստատում ենք, որ Հայաստանում քաղաքական իրավիճակը վերջնականապես փոխվել է ու փոքրիկ խմբակն արդեն ուժ չունի իր թուլացված դիրքերը վերականգնելու համար»։  

Նա ընդգծեց, որ ժողովուրդը դժգոհ է իշխանություններից, հասարակության մեծ մասը վերջնականապես հիասթափված է, քանի որ իշխանությունը ձախողել է ամեն ինչ՝ արտաքին քաղաքականությունը, ներքին քաղաքականությունը, սոցիալական ոլորտը։ «Տնտեսության վիճակը կարելի է բնորոշել մեկ նախադասությամբ՝ աղքատ ենք ու խրված պարտքերի մեջ։ Մեր երկրին ամեն տեսակի արհավիրք, դժբախտություն ու թուլություն բերածները վերջին շրջանում միայն խոսում են մի բանից՝ թույլ խաղաղությունից, խաղաղությունն առանց ուժեղ պետության՝ կոչվում է հանձնվել։ Նրանք հանրությանը մոլորեցնում են, թե իբր ուժեղ բանակ ունենալը համարժեք է պատերազմի։ Սա հերթական սուտն է հանրությանը վախեցնելու համար։ Մենք ուզում ենք խաղաղություն, ուզում ենք ուժեղ և արժանապատիվ խաղաղություն, աշխարհում ոչ մի երկիր չի կարող իրական խաղաղության մասին բանակցել խաղաղություն աղերսելով, մենք կուժեղացնենք մեր բանակն ու պաշտպանությունը նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, ժամանակակից պաշտպանության ծրագրի մշակմամբ և դրա ներդրմամբ, որովհետև ուժեղ խաղաղությունը պահանջում է ուժեղ ու ժամանակակից բանակ»,-ասաց Կարապետյանը։ 

Նա նաև ընդգծեց, որ չի կարելի դատարկել պետական բյուջեն ու լցնել սեփական գրպանները, այլ պետք է անել ճիշտ հակառակը։ «Մեր առաջարկելիք ծրագիրը ամենաիրատեսականն ու լավագույնն է լինելու ու լայն ճանապարհ է բացելու դեպի ուժեղ Հայաստան»,-ասաց նա՝ խոստանալով, որ շուտով հետևողականորեն կպատմեն  բոլոր ծրագրերի մասին, որոնք բացառիկ են Հայաստանի համար ու թույլ կտան արագորեն լուծել մեր ժողովրդի կենսամակարդակի բարձրացման գլխավոր խնդիրը։ 

«Մենք ուզում ենք Հայաստանը դարձնել արժանապատիվ ապրելու և արժանապատվորեն աշխատելու, վարձատրվելու երանելի տուն, այլ ոչ թե խեղճ օթևան, որտեղից ուզում են փախչել»։

«Ես ստեղծող մարդ եմ։ Իմ կյանքի ընթացքում տասնյակ երկրներում հազարավոր բարիքներ եմ ստեղծել, շենքեր, գործարաններ, աշխատատեղեր, հիվանդանոցներ, դպրոց։ Բարի համբավս թույլ է տվել բազմաթիվ գործարար կապեր ստեղծել աշխարհորվ մեկ ու իմ ստեղծելու այդ ներուժը այսուհետ պետք է ամբողջ ուժով ծառայեցնեմ Հայաստանին ու մեր ժողովրդին։

Սիրելի հայրենակիցներ, գործընկերներ և համախոհներ, մնացել է ընդամենը 115 օր մինչև այն օրը, երբ Հայաստանը կունենա նոր սկիզբ կբացվի նոր դարաշրջան և մեր ուժեղ Հայաստանը կլինի բոլորիս իրականությունը»,-ասաց Կարապետյանը։

  • Կիսվել: