Մեր ամենօրյա աշխատանքն է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Բաքվում պահվող հայերի վերադարձի մասին
Հայաստանը շարունակում է ամենօրյա ռեժիմով աշխատանքը Բաքվում ապօրինաբար պահվող հայերին վերադարձնելու ուղղությամբ:
Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե նա չի պատրաստվում վերադարձնել Բաքվի դատարանի կողմից դատապարտված հայերին:
«Մեր հայրենակիցների վերադարձի շուրջ աշխատանքը մեր ամենօրյա աշխատանքն է: Նաև դուք տեսնում եք դրա արդյունքները, իհարկե, ոչ մեզ համար ցանկալի ժամանակամիջոցում, ոչ մեզ համար ցանկալի ձևով: Բայց, ամեն դեպքում, զուգահեռաբար ունենալով ձեր մատնանշած խոսույթը, մենք ունենում ենք հաջողություններ: Ամեն ինչ անելու ենք, որ մեր հայրենակիցները վերադառնան Հայաստան»,- ասաց Հովհաննիսյանը:


