Հայաստանի շահերից է բխում սերտ, դրական և բարիադրացիական հարաբերություններ ունենալ հարևան Իրանի հետ․ ԱԽ քարտուղար
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը իրանական «Tasnim» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է հայ-իրականական հարաբերություններին՝ նշելով, Հայաստանի շահերից է բխում սերտ, դրական և բարիադրացիական հարաբերություններ ունենալ հարևան Իրանի հետ:
Գրիգորյանը մասնավորապես նշել է․ «Նախ ուզում եմ նշել, որ մեզ տարբեր տեսակի մեղադրանքներ են ներկայացվել ինչ-որ արտաքին ուղղություն ունենալու վերաբերյալ: Բայց մենք բազմիցս նշել ենք, որ հայաստանամետ ուժ ենք և մենք հետապնդում ենք Հայաստանի Հանրապետության շահերը և սպասարկում ենք այդ շահերը: Այս կոնտեքստում ուզում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետության շահերից է բխում սերտ, դրական և բարիադրացիական հարաբերություններ ունենալ հարևան Իրանի հետ: Նաև դա է պատճառը, որ 2018թ-ից սկսած, մենք զարգացնում ենք մեր հարաբերություններն Իրանի հետ տնտեսական, անվտանգային, մշակութային և բազմաթիվ այլ ոլորտներում»։
ԱԽ քարտուղարի խոսքով, այս բոլոր հանգամանքները հաշվի առնելովէ, որ հենց 2020թ-ի հունիսի 20-ի ընտրություններից հետո վարչապետ Փաշինյանը հայտարարեց Իրանի հետ ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին: Այս հայտարարությունը նաև հաստատում է Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման դինամիկան: Հայտարարությունը նաև ստացավ միս ու արյուն երկու երկրների բարձր մակարդակով հանդիպումների տրամաբանության մեջ:
«Այսինքն՝ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ռայիսիի միջև տեղի ունեցած վերջին երկու հանդիպումները հաստատեցին մեր հարաբերությունների այդ բնույթը: Օգոստոսին Փաշինյանը Թեհրանում հանդիպեց նախագահ Ռայիսիին և այնուհետև Դուշանբեյում տեղի ունեցավ երկրորդ հանդիպումը. կարճ ժամանակահատվածում երկու հանդիպում: Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկան ցույց է տալիս, որ բոլոր այդ պնդումներն իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց Գրիգորյանը։



