Մենք վերաձեւավորել ենք «Հայաքվե» նախաձեռնությունը, այս նախագծով հստակ ուղերձներ ենք ուզում հղել հասարակությանը. Սողոմոնյան
Այն թիմը, որը ստեղծեց «Հայաքվե» նախաձեռնությունը, իր առջեւ նպատակ էր դրել անել հնարավոր ամեն ին, որպեսզի կանխվեր Հայաստանի եւ Արցախի նոր կապիտուլյացիան եւ պետականությունների ոչնչացումը, Հայաստանն ու Արցախը դուրս բերել անվտանգային խորը ճգնաժամից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, «Հայաքվե» նախաձեռնության կազմակերպած Հանուն հայրենիքի նահատակների կրթաթոշակների ու մրցանակների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ նշեց «Հայաքվեի» անդամ Մենուա Սողոմոնյանը:
«Ցավոք առաջին նպատակին հասնել չհաջողվեց, Արցախը այսօր լքված է: Սակայն մեր հայրենիքին պատուհասող նորանոր վտանգները ստիպում են մեզ, որ շարունակենք դիմակայել եւ ընդլայնել մեր գործունեության շրջանակը:
Մենք վերաձեւավորել ենք «Հայաքվե» նախաձեռնությունը, ստեղծել ենք «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը, ձեւավորել ենք այդ միավորման համար ֆունկցիոնալ կառուցվածք, իրականացնում ենք տարբեր ծրագրեր, որոնք բոլորն էլ ուղղված են մեր գաղափարական ուղենիշների, մեր տեսիլի իրականացմանը»,-ասաց նա:
Խոսելով այս կրթաթոշակի մասին, Սողոմոնյանն ասաց. «Մենք այս նխագծի մեջ իմաստ ու բովանդակություն ենք դրել: Մենք այս նախագծով հստակ ուղերձներ ենք ուզում հղել հասարակությանը: Առաջին ուղերձը մեր բարձր գնահատանքն է հանուն հայրենիքի մեր նահատակների գործած սխրանքի նկատմամբ: Մենք հաշտ չենք այն մոտեցմանը, որ ինչ եղել-եղել է, որ անցյալը պետք է մոռանանք, Արցախը պետք է թողնենք պատմական Հայաստանի տրամաբանության մեջ, ընդունենք ստորացնող պահանջներ: Երկրորդը մեր հերոսների նահատակության իմաստավորումն է
Միայն լավ կրթության միջոցով է հնարավոր կառուցել ամուր, կենսունակ պետություն, հզոր բանակ, զարգացող տնտեսություն, ազատ ու արդար հասարակություն, արժեքներ, որոնց համար մեր նահատակները գնացին գիտակցված մահվան»,- հայտարարեց նա: