Մենք վաղուց ձեռնարկել էինք անհրաժեշտ միջոցները. վարչապետը՝ Իրանի շուրջ զարգացումներից բխող մարտահրավերներին արձագանքելու մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Իրանի շուրջ և Մերձավոր Արևելքում լարվածությանն ու այդ ֆոնին Հայաստանի համար հնարավոր ռիսկերին ու մարտահրավերներին արձագանքելու ուղղությամբ Կառավարության քայլերին։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հնչող քննադատություններին, թե «տարածաշրջանում պատերազմ է, իսկ Հայաստանի իշխանությունները զբաղված են կարկանդակ ուտելով», հայտարարեց, որ դեռևս 1-1.5 տարի առաջ, գնահատելով Իրանի շուրջ և Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման հնարավորությունը, Հայաստանի անվտանգության խորհրդի համակարգմամբ ձևավորվել է աշխատանքային խումբ։
«Մենք, իհարկե, շատ ցավում ենք և մեզ համար շատ ցավալի է այն, ինչ տեղի է ունենում Իրանում և ընդհանրապես տարածաշրջանում, բայց մենք պիտի արձանագրենք, որ, ցավոք, այս իրավիճակը նոր չէ։ Այսինքն՝ նրանք, ովքեր ընդհանրապես միջազգային լրահոսին հետևում են, պիտի առնվազն մտավախություններ ունենային, որ այսպիսի իրադրություն կլինի։ Ես արդեն ասել եմ, որ այս իրավիճակի հետ կապված մենք աշխատանքային խումբ ունենք, որն աշխատում է։ Ոչ ոք չհարցրեց՝ Անվտանգության խորհրդի համակարգմամբ գործող այդ աշխատանքային խումբը ե՞րբ է ձևավորվել։ Այդ աշխատանքային խումբը ձևավորվել է մոտ 1-1.5 տարի առաջ։ Եվ այդ աշխատանքային խումբը երբեմն ամենօրյա, երբեմն ամենժամյա, երբեմն ամենամսյա ռեժիմով աշխատել է։ Պատկերացնում եք՝ 1 կամ, գուցե, 1.5 տարի առաջ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ։ Ես որ ասում եմ դրա համար եմ կարկանդակ ուտում, հումոր չեմ անում, որովհետև այն միջոցները, որոնք պետք էր ձեռնարկել այս իրադրության հետ կապված, մենք վաղուց ձեռնարկել ենք»,- ասել է վարչապետը։
Վարչապետը հիշեցրել է, որ Իրանի շուրջ ռազմական իրադարձություններ եղել են նաև 6 ամիս առաջ, իսկ դրանից հետո ակնհայտ չէր, որ նման բան այլևս չի լինելու։ «Այսինքն՝ մեր ինստիտուտները մշտապես աշխատում են այդ խնդրի շուրջ և շատ լավ է, որ վարչապետը ոչ թե պետք է այդ օրը առավոտյան արագ որոշումներ կայացնի, այլ այն որոշումները, որոնք բխում են տվյալ իրադրությունից, ինստիտուցիոնալ առումով 1-1.5 տարի առաջ կայացվել են։
Սա ասում եմ նրա համար, որ տպավորություն չստեղծվի, թե Հայաստանի կառավարությունն անհոգ է։ Ոչ, երբ մնացածն էին անհոգ, Հայաստանի կառավարությունը իր գործողությունները կազմակերպում էր և որոշումները կայացնում էր»,- հայտարարել է Փաշինյանը։


