երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մենք ստացել ենք ադրբեջանական կողմի հերթական առաջարկները և հանդես կգանք մեր հերթական առաջարկներով. Միրզոյան

Մենք ստացել ենք ադրբեջանական կողմի հերթական առաջարկները և հանդես կգանք մեր հերթական առաջարկներով. Միրզոյան

Ամեն անգամ փաստաթղթի նոր խմբագրություն է շրջանառվուն, այժմ մենք ստացել ենք ադրբեջանական  կողմի հերթական առաջարկները և հանդես կգանք մեր հերթական առաջարկներով: ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների մասին հարցին ի պատասխան՝ ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցություններն ակտիվ փուլում են և շարունակվում են: Ցավոք կողմերի մոտեցումները բազմաթիվ հարցերում դեռևս շատ հեռու են իրարից, բայց նաև բանակցություններն հենց նրա համար են բանակցություններ, որպեսզի կարողանանք հեռու դիրքորոշումների միջև ընդհանուր եզրեր գտնել, ընդհանուր եզրակացության գալ և վերջնական փուլում ունենալ համատեղ արդյունք: Առայժմ բանակցությունները շարունակվում են, կան միմյանց համար անընունելի բաներ, կան բաներ, որտեղ կարող են կողմերը քայլեր անել իրար ընդառաջ»,- նշեց Արարատ Միրզոյանը:

Թե արդյոք նախատեսված է Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպում, Միրզոյանն ասաց.

«Վերջնական հանդիպում այս պահին պլանավորված չէ, բայց ես ենթադրում եմ, որ մինչև տարեվերջ մենք կունենանք ևս մեկ հանդիպում: Համենայնդեպս մենք պատրաստ ենք այդ հանդիպմանը, մենք ակտիվ ենք այս բանակցություններում և մենք կառուցողական ենք: Վստահ չեմ, որ կստացվի մինչև տարեվերջ ունենալ պայմանագրի քիչ թե շատ վերջնական տարբերակ, բայց մեր մտադրությունը մեծ հաշվով ուժի մեջ է, մենք աշխատում ենք որքան հնարավոր է շուտ հասնել խաղաղության և այս համապարփակ կարգավորմանը: Եթե նույնիսկ չստացվի մինչև տարեվերջ, ապա բանակցությունները կշարունակվեն դրանից հետո»:

Անդրադառնալով դեկտեմբերի 7-ին նախատեսված բրյուսելյան հանդիպման չեղարկմանը՝ Միրզոյանը նշեց.

«Հերթական անգամ գործ ունենք պայմանավորվածության տարբեր մեկնաբանության հետ: Մեր ընկալմամբ ադրբեջանական կողմն է, որ խեղաթյուրում է պայմանավորվածությունները: Հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի էր ունեցել քառակողմ հանդիպում, այդտեղ ձեռք էր բերվել պայմանավորվածություն հաջորդ հանդիպման համար: Ահա դրանից հետո ադրբեջանական կողմը հրաժարվում է այս ձևաչափով նոր հանդիպմանը մասնակցել, սա կարծում եմ ապակառուցողական քայլ է: Ինչ վերաբերում է ղեկավարների հանդիպմանը, ապա այս պահին ղեկավարների հանդիպման որևէ պայմանավորվածություն չկա»:

  • Կիսվել: