հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մենք սովորեցրել ենք մեր թշնամուն, որ մեզ հետ կարելի է վարվել այս կերպ. Քոչարյան

Մենք սովորեցրել ենք մեր թշնամուն, որ մեզ հետ կարելի է վարվել այս կերպ. Քոչարյան

Ես հիմա ոչնչից չեմ զարմանա, քանի որ մեր ժողովրդի մի զգալի մասը մարսեց այն ամենը, ինչ եղավ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ժամանակ: Նախապատրաստվում է հենց նման կարգի համաձայնագիր, որը չի կարող լինել առանց Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման Հայաստանի կողմից, ինչը նշանակում է` պետք է խաչ քաշել Ղարաբաղի վրա: Այս մասին այսօր երեք լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցում ասացՀՀ երկրորդ նախագահ, ՛՛Հայաստան՛՛ դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Հարցին, թե այս իրավիճակում ինչպես մենք պետք է պահենք մեզ, Քոչարյանն ասաց, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք ականատես ենք եղել այնպիսի հայտարարությունների Հայաստանի նկատմամբ, որոնք անընդունելի են, եւ որոնց Հայաստանը չի արձագանքել:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք սովորեցրել ենք մեր թշնամուն, որ մեզ հետ կարելի է վարվել այս կերպ: Ավելին ասեմ՝ այս ամենն օգտագործվում է Հայաստանի կողմից, հենց ներքաղաքական նպատակների համար: Ես կկրկնեմ այդ միտքը` պատերազմից սարսափած ժողովրդին մանիպուլացնել հենց այդ վախերի միջոցով, կառավարվող վախերի միջոցով եւ դոզան ավելացնելով՝ հասնում ես քո նպատակին ներսում:

Իռացիոնալ մտածելակերպ է, բայց երբ աշխատում է վախի բնազդը, ամեն ինչ դառնում է ինչ-որ չափով իռացիոնալ: Ես կարծում եմ` այս գործոնն էական նշանակություն է ունեցել ընտրությունների ընթացքում եւ ընտրությունների ընթացքի վրա: Ինչ կանեի. ես կասեմ, որ այս կեցվածքը երբեք չէի ունենա, եւ երկրորդը` պարտված, այսպիսի ծնկաչոք վիճակում երբեք չէի հայտնվի՛՛:

  • Կիսվել: