ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մենք սովորեցնում ենք ավելի ինտենսիվ ապրել կորոնավիրուսի հետ. Արսեն Թորոսյան

Մենք սովորեցնում ենք ավելի ինտենսիվ ապրել կորոնավիրուսի հետ. Արսեն Թորոսյան

Մենք սովորեցնում ենք ավելի ինտենսիվ ապրել կորոնավիրուսի հետ՝ կրելով դիմակ, ախտահանելով ձեռքերը, պահպանելով սոցիալական հեռավորություն։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հարցին։

Պատգամավորը նախարարից հետաքրքրվեց, թե ինչ պետք է անել, որ հնարավորինս նվազեցվի ընտանիքում տարեց և խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց կյանքին սպառնացող վտանգը։

«Այստեղ պետք է աշխատի գիտակցության բարձրացումը, խորհուրդների տրամադրումը և այլն։ Մենք ամենասկզբից էլ այդ խնդիրը շեշտադրել ենք, որ, այո, հիվանդությունը կա, և այն ամենից շատ խոցում է տարեց մարդկանց կամ ուղեկցող հիվանդություններ ունեցողներին՝ հիմնականում շաքարային դիաբետի, զարկերակային հիպերտենզիայի, սրտի իշեմիկ հիվանդության և այլ հիվանդությունների ժամանակ, որոնք շատ տարածված են մեր երկրում ոչ առողջ ապրելակերպի պատճառով, և շատ հաճախ մենք հայտնաբերում ենք այդ հիվանդությունները պացիենտների մոտ առաջին անգամ։

Ներընտանեկան պաշտպանությունը, բացի հանրային գիտակցությունը բարձրացնելուց, ընտանիքի մյուս անդամներին սովորեցնելուց, թե ինչպես պետք է շփվել կամ չշփվել, ուրիշ դաշտում դժվար եմ պատկերացնում»,- նշեց Թորոսյանը՝ հավելելով, որ ունի 84 և 85 տարեկան տատ ու պապ, որոնց սկզբունքորեն չի այցելում, քանի որ կվտանգի։

Նրանց հետ շփվում է միայն հեռավար եղանակով։ Իսկ 64-65 տարեկան ծնողների հետ քիչ է շփվում, խորհուրդ է տալիս փողոց դուրս չգալ կամ քիչ դուրս գալ, քիչ մարդկանց հետ շփվել։

ՀՀ առողջապահության նախարարը նշեց, որ հիմնարկ-ձեռնարկություններում, փողոցում և մյուս վայրերում կարգավորումներ մտցնել իրավական ակտերով հնարավոր է, բայց ընտանիքներում՝ ոչ։

  • Կիսվել: