չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մենք շահագրգռված ենք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման հնարավորությամբ. Գրիգորյանի ելույթը՝ ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի բացմանը

Մենք շահագրգռված ենք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման հնարավորությամբ. Գրիգորյանի ելույթը՝ ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի բացմանը

Հայաստանը խաղաղություն է ցանկանում տարածաշրջանում, և մենք հաստատակամորեն հավատարիմ ենք այս խաղաղության օրակարգին և շահագրգռված ենք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման հնարավորությամբ։ Այս մասին այսօրԵրեւանում ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի բացման ժամանակ ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Ցավոք, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի վրա, որտեղ ռուս խաղաղապահների ներկայությամբ տեղի ունեցավ բնիկ հայ բնակչության էթնիկ զտում, և Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100.000 հայեր ստիպված եղան փախչել և գալ Հայաստան»:

Ըստ Գրիգորյանի՝ չնայած բոլոր դժվարություններին, որոնց այսօր բախվում ենք, Հայաստանը պատրաստ է իր միջազգային գործընկերների հետ միասին խաղաղություն և բարգավաճում բերել տարածաշրջան։

«Այս համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատումն էական դեր է խաղում տարածաշրջանային կայունության ձևավորման գործում։ Հայաստանը հրապարակայնորեն և թափանցիկ հայտարարեց, որ Ալմա-Աթայի հռչակագիրը հիմնարար փաստաթուղթ է, ըստ որի Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- նշել է նա։

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը հիշեցրեց, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ կայացած հանդիպմանը հաստատել են իրենց հավատարմությունը Ալմա-Աթայի հռչակագրին։

Նրա խոսքով՝ հատկանշական է նաև, որ վերջին բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հրապարակայնորեն ճանաչել միմյանց տարածքների ճշգրիտ չափերը։

  • Կիսվել: