շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մենք պետք է ընտրություն կատարենք պատերազմի, արկածախնդրության և խաղաղության միջև. Գևորգ Պապոյան

Մենք պետք է ընտրություն կատարենք պատերազմի, արկածախնդրության և խաղաղության միջև. Գևորգ Պապոյան

 ՀՀ ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը կարևորում է, որ Հայաստանը շարունակի շարժվել խաղաղության օրակարգով, քանի որ դրան այլընտրանք չկա:  

Պապոյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի 86.6 հազար քկմ տարածքային ամբողջականությունը ճանաչելու առնչությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ հարցին:

Գևորգ Պապոյանը նշեց, որ ցանկությունների դաշտում շատ մեծ ցանկություններ ունի Հայաստանի և Հայաստանի ապագայի ու տարածքների վերաբերյալ:

«Սակայն մենք պետք է հասկանանք, թե ինչպիսի իրավիճակ է այսօր աշխարհում: Եվ մեր ժողովուրդն ու իշխանությունները, քաղաքական համակարգը պետք է ընտրություն կատարի: Ընտրությունը հետևյալն է՝ խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ, ընդ որում պատերազմ՝ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ: Հաշվի առնելով նաև Ռուսաստանի այսօրվա աշխարհաքաղաքական վիճակը՝ պատկերացնում եք, թե նրա հնարավոր աջակցության չափն ինչպիսին կարող է լինել: Գիտեք նաև, թե աշխարհում ինչ են մտածում Արցախյան հակամարտության մասին, տարածքային ամբողջականության մասին, ազգերի ինքնորոշման մասին»,-ասաց Պապոյանը:

Նա հավելեց՝ այս իրավիճակում պետք է որոշում կայացնել՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ գնա՞լ նոր պատերազմի՝ դրանից բխող կանխատեսելի հետևանքներով, թե՞ գնալ խաղաղության ճանապարհով՝ պաշտպանելով Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, հայ ժողովրդի անվտանգությունը, Արցախում հայ ժողովրդի ապրելու իրավունքը:

«Եվ մենք պետք է ընտրություն կատարենք՝ պատերազմի ու արկածախնդրության և խաղաղության միջև: Եվ, իմ կարծիքով, քանի որ պատերազմն ու արկածախնդրությունը բերելու են Հայաստանի անկախության կորստի վտանգի, տարածքային ամբողջականության լրջագույն խնդիրների առաջացման ու կորուստների, մենք կարծում ենք, որ պետք է շարունակել շարժվել խաղաղության օրակարգով, որն այլընտրանք չունի: Օրակարգում չկա այլ տարբերակ»,-ասաց Պապոյանը:

Պատգամավորը նշեց՝ ընդդիմադիր պատգամավորների կողմից չի լսել մի հուշող լավ բան, որը, օրինակ, իշխող կուսակցությունը կարող էր քննարկել: «Նրանք ոչինչ չառաջարկեցին, քանի որ իրենց առաջարկները կամ ոչնչի մասին էին կամ անուղղակի նոր պատերազմի ու կորուստների մասին էին»,-ասաց Պապոյանը:

Նա շեշտեց՝ հիմա ամենակարևորը Հայաստանի լինելիությունն է, տարածքային ամբողջականության պաշտպանությունը, ինքնիշխանության պահպանությունը, Արցախի հողի վրա արցախցիների ապրելու, զարգանալու հնարավորություն ստեղծելը: «Սա այս պահին «պլան մինիմումն է», որ մենք պետք է անենք։  Կկարողանա՞նք ապագայում ավելի լավ դիրքեր ունենալ, միգուցե, կարողանանք  ավելին անել»,-նշեց պատգամավորը:

  • Կիսվել: