ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Մենք պետք է հստակ արձանագրենք՝ ժողովրդավարությունը պաշտպանության նոր գործիքների կարիք ունի. Արթուր Հովհաննիսյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

Մենք պետք է հստակ արձանագրենք՝ ժողովրդավարությունը պաշտպանության նոր գործիքների կարիք ունի. Արթուր Հովհաննիսյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ղեկավարությամբ մասնակցում է վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին:

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նստաշրջանում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արթուր Հովհաննիսյանը:

«Պարո՛ն նախագահ,

հարգելի՛ գործընկերներ,

այսօր ընտրական գործընթացների նկատմամբ հիբրիդային միջամտությունն այլևս տեսական սպառնալիք չէ: Այն գործնական գործիքակազմ է, որն օգտագործվում է պետությունների քաղաքական կայունությունը խաթարելու և ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահությունը թուլացնելու համար:

Խոսքը համակարգված ապատեղեկատվական արշավների, կիբեռհարձակումների, արհեստական բևեռացման խթանման և արտաքին քաղաքական շահերով պայմանավորված ազդեցության գործողությունների մասին է:

Այս մեխանիզմները հատկապես ակտիվանում են ընտրություններին նախորդող փուլերում: Հայաստանում ևս ընտրություններին ընդառաջ մենք գործնականում արդեն տեսնում ենք նման երևույթներ: Արտաքին ազդեցության քաղաքական դերակատարները և դրանց հետ կապված տեղեկատվական ցանցերն ակտիվանում են, առաջացնում են տեղեկատվական աղմուկ, փորձում ձևավորել ներքաղաքական օրակարգ, թուլացնել հանրային վստահությունը և ազդել հանրային տրամադրությունների վրա:

Սա միայն Հայաստանի խնդիրը չէ:

Սա ժողովրդավարական ինքնիշխանության խնդիր է:

Մենք պետք է հստակ արձանագրենք՝ ժողովրդավարությունը պաշտպանության նոր գործիքների կարիք ունի:

Անհրաժեշտ է՝

  •   ամրապնդել ընտրական գործընթացների կիբեռանվտանգությունը,
  •   բացահայտել և կանխել համակարգված ապատեղեկատվական ցանցերը,
  •   ապահովել ֆինանսական և քաղաքական ազդեցությունների թափանցիկությունը,
  •   խորացնել միջազգային համագործակցությունը հիբրիդային միջամտությունների կանխարգելման ուղղությամբ:

Վստահ եմ, որ համագործակցության և համակարգված ջանքերի շնորհիվ, այդ թվում՝ մեր Ասամբլեայի կողմից տեղակայված ընտրությունների դիտորդական առաքելությունների օգնությամբ մեր երկրներում ժողովրդավարությունը կշարունակի պաշտպանված մնալ»,- ասել է Արթուր Հովհաննիսյանը:

  • Կիսվել: