Մենք որպես ազգ չենք դիմանա, եթե մեր ներքին կյանքի, ընկալումների փոփոխություն տեղի չունենա. Բագրատ Սրբազան
Մեր Հանրապետության բոլոր տարածքները կրակների մեջ են, ու սրա անունը դրել են խաղաղություն։ Անընդհատ հանձնելու ճանապարհով խաղաղությունը ո՞րն է։ Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ասաց Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ նկատի ունենալով իշխանություններին:
«Այս մարդկանց այցելությունը ցանկացած տեղ աղետ է բերում։ Անցյալ օրը Գյումրիում մեծ հավաք էին կազմակերպել, հաջորդ օրը Գյումրիի «Վառեմ-մարեմ» շենքը փլվեց»,-հավելեց նա:
Այնուհետև, անդրադառնալով իրենց պայքարի նպատակներին, Բագրատ Սրբազանը նկատեց. «Այս պայքարն իր էությամբ, իր բովանդակությամբ հոգևոր, բարոյական արժեքով պայքար է։ Մեր ամբողջ ընթացքն այս ճանապարհից չի շեղվելու։
Մեր բովանդակությունը պետք է լինի մեր ներքին կյանքի փոփոխությունն ամբողջ արժեքային իմաստով։ Մենք որպես ազգ չենք դիմանա, եթե մեր ներքին կյանքի, ընկալումների փոփոխություն տեղի չունեցավ։ Իսկ այդ փոփոխությունը նշանակում է վերադարձ մեր սեփական նկարագրին»։